Շնչառություն, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։
Քթի խոռոչ
Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (ալվեոլների)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։