Շնչառություն, դա մարմնի և միջավայրի միջև տեղի ունեցող գազափոխանակությունն է։ Նորմալ կենսագործունեության համար մարմնին անհրաժեշտ է էներգիա։ Սննդանյութերից էներգիայի ստացումն ընթանում է թթվածնի կլանմամբ և ածխաթթու գազի անջատմամբ։ Քանի որ մարմնում չկա թթվածնի պաշար և առանց որի բջիջները մահանում են, ապա անհրաժեշտ է թթվածնի անընդհատ մուտք դեպի օրգանիզմ։ Մյուս կողմից ածխաթթու գազը պետք է հեռացվի մարմնից, քանի որ նրա զգալի քանակության կուտակումը վտանգավոր է կյանքի համար։ Օդից թթվածնի կլանումը և ածխաթթու գազի արտազատումը իրագործվում է շնչառական համակարգի միջոցով։ Շնչառական համակարգը կազմում են շնչուղիները (քթի խոռոչ, քթաըմպան, ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) և թոքերը։ Շնչուղիներով օդը հասնում է թոքեր, որտեղ իրականանում է գազափոխանակությունը։
Քթի խոռոչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Քթի խոռոչի ներքին մակերեսը պատված է արյունատար անոթներով հարուստ լորձաթաղանթով։ Ներշնչվող օդը քթի խոռոչում տաքանում է, խոնավանում, մաքրվում փոշուց և մասամբ վարակազերծվում։ Ապա այն անցնում է քթաըմպան, ըմպան, իսկ հետո՝ կոկորդ։ Կոկորդում գտնվում են ձայնալարերը, որոնք թրթռում են իրենց միջով օդ անցնելիս և առաջացնում ձայն (արտաշնչման ժամանակ)։ Կոկորդով օդն անցնում է շնչափող, որը գտնվում է կերակրափողի առջևում։ Կլման ժամանակ մակկոկորդը կափույրի նման փակում է կոկորդի մուտքը և խոչընդոտում շնչառական ուղիների մեջ օտար մասնիկների ու հեղուկների թափանցմանը։ Կրծքավանդակի խոռոչում շնչափողը բաժանվում է երկու՝ աջ և ձախ բրոնխների։ Բրոնխները ճյուղավորվում են՝ առաջացնելով բրոնխիալ ծառ, որի ծայրամասային օդատար խողովակները վերածվում են թոքաբշտերի (ալվեոլների)։ Թոքաբշտերը (ալվեոլները) մանրագույն բրոնխների ողկույզանման վերջավորություններն են, որտեղ կատարվում է գազափոխանակություն։ Թոքաբշտերը պատված են արյունատար անոթների խիտ ցանցով։
Կոկորդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոկորդը տեղավորվում է չորրորդ, հինգերորդ և վեցերորդ վզային ողերի մակարդակի վրա, պարանոցի առաջնային երեսին, գոյացնելով այնտեղ մի բարձրություն, որը պարզ նկատելի է մաշկի տակից։ Նրա ետևում ընկած է ըմպանը, որի հետ նա կոկորդի միի բացվածքի՝ կոկորդամուտքի միջոցով անմիջապես հաղորդակցության մեջ է։ Կոկորդի կողքերով անցնում են պարանոցի արյան խոշոր անոթները, իսկ առջևից կոկորդը պատված է ստոր-կորճային մկաններով։ Դեպի վեր կոկորդը վերածվում է շնչափողի։ Կոկորդը բաղկացած է մի քանի շարժուն աճառներից, կապված միմյանց կապանների միջոցով։ Բացի այդ կոկորդն ունի փոքր մկաններ, որոնք շարժում են աճառիկները մեկը մյուսի նկատմամբ։ Ներքին կոկորդուն են գտնվում ձայնալարերը։ Կոկորդի ներքին խոռոչը ծածկված է լորձաթաղանթով։ Նրա երկարությունը վահանաճառի վերին եզրից մինչև մատանիաձևի ստորին եզրը հավասար է 44 մմ-ի տղամարդու և 36 մմ-ի կնոջ մոտ։
Շնչափող[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնչափողը սկսվում է 6-րդ պարանոցային ողի ստորին ողի մակարդակի վրա և վերջանում է 5-րդ կրծքային ողի վերին ողի բարձրության վրա։ Այստեղ նա բաժանվում է իր երկու՝ աջ և ձախ բրոնխներին։ Շնչափողի երկարությունը տատանվում է 9-ից մինչև 10 սմ, լայնական տրամագիծը միջին թվով 15-18 մմ։ Պարանոցային հատվածը ծածկված է վահանագեղձով, որի նեղուցը տեղավորվում է 2-4 ողերի վրա, այնինչ գեղձի կողմնային բլթերը իջնում են մինչև 5-րդ կամ 6-րդ ողը։
Շնչափողի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնչափողի պատերը բաղկացած են 16-20 աճառային ոչ լրիվ օղերից, միացած են նյարդակազմ օղակաձև կապաններով։ Առաջին աճառային օղը սովորաբար քիչ ավելի լայն է մյուսներից։ Օղի միջին լայնությունը 3-4 մմ է։ Շնչափողի ետին նյարդակազմ պատը տափակ է և պարունակում է հարթ մսաթելեր, որոնք գլխավորապես լայնական ուղղություն ունեն։ Նրանք ոչ միայն միացնում են օղերի ծայրերը միմյանց այլ մաև ընդգրկում են միջօղային տարածությունները։ Լորձաթաղանթը վարդագույն է, ծածկված է թարթչավոր էպիթելով ր հարուստ է լիմֆոիդ հյուսվածքով ու լորձային գեղձիկներով։ Խոշոր գեղձիկները գտնվում են շնչափողի ետին պատին, սրանք դասավորված են ոչ միայն ենթալորձային հյուսվածքի մեջ, այլև մասամբ թափանցում են մինչև շարակցանյարդային շերտի արտաքին երեսը։
Բրոնխներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնչափողը վերջանալով երկատվում է առաջացնելով զույգ բրոնխներ։ Նրանք հեռանում են իրարից համարյա 90 աստիճանի անկյան տակ և ուղղվում են դեպի համապատասխան թոքերը։ Աջ բրոնխը ձախից ավելի լայն է համապատասխան աջ թոքին, որն ավելի մեծ է, քան ձախը։ Միևնույն ժամանակ ձախ բրոնխը համարյա 2 անգամ երկար է աջից։ Աջ բրոնխի աճառային օղերի թիվը 6-8 է, իսկ ձախինը՝ 9-12: Աջ բրոնխը նույնիսկ կարելի է համարել շնչափողի շարունակություն։