Ժամը չորսն է։Սոլոլակ թաղը ճաշում է։Օրվա այս պահին Թիֆլիսի այդ հարուստ թաղի արտաքին տեսքը խաղաղ է, ինչպես գյուղը հնձի ժամանակ։ Փողոցների և գրասենյակների ծանրախոհ կյանքն ու շարժումն անցել է սեղանատները, ուր, մարդկանց ձայներից բարձր հնչում է ափսեների, պատառաքաղների և դանակների զնգոց։ Սպասավորները մեկը մյուսի ետևից ել ու մուտ են անում խոհանոցից սեղանատուն, սեղանատնից խոհանոց։ Տիրում է մաքրություն, լիություն ու ձևականություն։ Մարդիկ ուտում են ծանր և խոսում անվրդով։Տոհմական քաղաքացի այրիացած Լևոն Ազիզյանը նույնպես ճաշում է իր սեփական տան երկրորդ հարկում։ Ընդարձակ ճաշասենյակի երկար սեղանի մոտ, որի վրա կարող է ճաշել քսանից ավելի մարդ, նա նստած է մենակ՝ կուրծքը ծածկած սպիտակ անձեռոցիկով, որի մի տուտը խրել է օձիքի մեջ։ Նրա ետևը, աջ ոտի վրա հենված, կանգնած է նրա սպասավորը, մոտ քառասուն տարեկան, ճերմակ գոգնոցով մի մարդ, որ միաժամանակ կատարում է և՛ խոհարարի պաշտոն, և՛ դռնապանի գործ։Պարոն Լևոնր, դանակն ու պատառաքաղը ձեռքին, դանդաղ ճաշում է և միևնույն ժամանակ խոսում սպասավորի հետ։ Զավակներ չունենալով և ծերության մոտեցող հասակում կնոջից զրկվելով, երկու տարի է ահա միշտ մենակ է ճաշում։ Բամբասանքից ու կողապուտից ազատ մնալու համար, նա երբեք ճաշի չի հրավիրում ազգականների ու ծանոթների, և ամեն օր ճաշն սկսում ու վերջացնում է սպասավորի հետ խոսելով։— Գրիգոր, որտեղի՞ց ես առնում այս միսը,— դառնում է հանկարծ սպասավորին։— Սալդաթսկի բազարից,— պաաաոխանում է սպասավորը թեքվելով և այնպիսի ձևով, կարծես տերը ծանր է լսում։— Ումնի՞ց։— Դարչոյից։— Ո՞վ է այդ Դարչոն։— Միս ծախող։— Հը՜մ,— գլուխը կախելով շարունակում է ուտել պարոն Լևոնը։— Ոչինչ, միսը լա՛վ միս է, բայց մի քիչ յուղոտ է։Սպասավորը զարմացած ուղղվում է կանգնած տեղը և նորից թեքվում դեպի տերը։— Երեկ դուք ասիք, որ ժարկոյի համար յուղոտ միս առնեմ,— հիշեցնում է նա։— Այո՛, ասացի՛, բայց ոչ այսքան յուղոտ։ Յուղոտ միսն այնքան էլ լավ չէ ժարկոյի համար։ Այս տեսակ միսը կարելի է գործածել չխրթմայի կամ սոուսի մեջ, բայց ոչ ժարկոյի, հասկանո՞ւմ ես, ո՛չ ժարկոյի։Նա նորից շարունակում է ուտել։— Մյուս անգամ էլ այսպիսի միս չառնես,— ասում է նա քիչ հետո.— Հանգուցյալն ամենևին չէր սիրում այսպիսի միս… Չե՞ս հիշում։ Ասում էր, որ այս տեսակ միսը վնաս է։ Եվ շատ ճիշտ էր ասում հանգուցյալը, երբ ժարկոյի միսը յուղոտ է լինում, մի տեսակ ծանր է մարսվում… Հասկանո՞ւմ ես։Սպասավորն անշարժ կանգնած նայում է տիրոջ ալեխառն մազերով գլխին, շարժվող ծնոտներին և մտածում, որ հանգուցյալ տիրուհին, իրոք, միս քիչ էր սիրում։— Հետո, Գրիգոր, գիտես ի՞նչ,— ձեռքը բարձրացնում է պարոն Լևոնը.— դու միսը շատ ես եփում, այնպես որ՝ գետնախնձորի պես փշրվում է… այնինչ այսպես չպետք է անել. պետք է եփել այնպես, որ մսի համը վրեն մնա… Մի անգամ կլուբում ժարկո եմ կերել՝ շա՛տ լավն էր. թերը, բանն այնպես տեղը, համով… հետն էլ մի երկու կտոր սերկևիլ…Պարոն Լևոնը մի պատառ միս կտրելով սկսում է հանդարտ ծամել։— Մեր կլուբի խոհարարն առհասարակ շատ ընտիր կերակուր է եփում,— շարունակում է նա,— և դա հասկանալի է, մարդը ռուս է, աշխարհ տեսած, հո մեր հայերի պես չի, որ գոմից դուրս են գալիս խոհարարություն անում… Դու չնեղանաս, Գրիգոր, ես քեզ չեմ ասում… Եթե ուզում ես, ես նրան կասեմ, որ մի քանի բան սովորեցնի քեզ։Գրիգորը մի ոտից հենվում է մյուսին և կոկորդը մաքրում։— Դուք էն օրն էլ խոստացաք, որ կասեք, բայց մոռանում եք,— նկատում է նա ժպտալով։— Կասե՛մ, Գրիգոր, կասեմ,— հանգստացնում է պարոն Լևոնը սպասավորին։— Կասեմ, հենց վաղը կասեմ, բայց դու էլ յուղոտ միս չառնես…Գրիգորը նորից նայում է տիրոջ գլխին, շարժվող ծնոտներին ու մտածում, որ տերը միշտ խոստանում է «վաղը», բայց միշտ էլ մոռանում է։ Նա նորից կոկորդը մաքրելով ուզում է մի բան ասել, բայց լռում է՝ տիրոջ ձեռքի շարժումը տեսնելով։— Գրիգոր, մյուս անգամ այդ Դարչոյին ասա, որ ժարկոյի համար լավ միս տա, առանց ոսկորի… Իմ կողմից խնդրի թող սուկի տա…— Սուկին ժարկո չի ըլի, պարոն,— ասում է Գրիգորն ամաչելով, որ նկատողություն է անտւմ տիրոջը։— Ինչո՞ւ չի լինի,— զարմանում է պարոնը սպասավորի խոսքի վրա,— ընդհակառակը… կլուբում միշտ եփում են, շատ լավն է լինում…Այս ասելով, նա ձեռքով նշան է անում, որ սպասավորը վերցնի ամանը։— Սա վերցրու, կատլետը բեր տեսնենք,— ասում է նա, մեջքը աթոռի թիկունքին հենելով ու հառաչելով։— Եթե կատլետն էլ սրա պես լինի, Գրիգոր, նշանակում է՝ այսօրվա ճաշդ չավ չի…Գրիգորը վերցնում է տիրոջ թերմացքը և գնում խոհանոց։ Մի քանի րոպեից նա վերադառնում է և կատլետը դնում տիրոջ առաջ ու երկյուղով մտածում, թե այս նոր բաժինը ինչպես դուր կգա։Պարոն Լևոնը մի քանի րոպե լուռ ճաշում է։ Սպասավորը, նրա ետևը կանգնած, դարձյալ նայում է նրա թիկունքին, գլխին ու ծնոտներին, որոնց շարժումից շարժվում են և նրա ականջները։— Գրիգոր։— Հրամմե՛։— Կատլետն այս ի՞նչ յուղով ես պատրաստում,– հարցնում է պարոն Լևոնը վշտալի դեմքով։— Կովի յուղով…— Կովի՞… բայց ինչո՞ւ այսպիսի համ է գալիս։ Կարծես երեք օրվա կերակուր լինի, այնպե՜ս ծանր է…Սպասավորը գունատված նայում է տիրոջը և լռում։ Նա չի ուզում պատասխանել, որովհետև նրան թվում է, որ եթե պատասխանի, պարոնը նոր հարցեր է տալու, ուստի և լռում է։ Իսկ պարոն Լևոնը շարունակում է միառժամանակ հանդարտ ուտել։— Գիտես ինչ, Գրիգոր,— ասում է նա քիչ հետո, գլուխը պնակից բարձրացնելով,— այսօրվա կատլետը այնքան էլ լավ չի, համ յուղն է կծված, համ էլ աղը շատ ես արել…Գրիգորն զգուշությամբ հազում է։— Էսօր՝ երեկվանից քիչ եմ աղ գցել,— ասում է նա ամբողջ իրանով առաջ թեքվելով։—- Երեկ որ ասիք աղի է, դրա համար էսօր աղը շատ քիչ եմ գցել։— Ընդհակառակը,— ասում է պարոն Լևոնը,— քեզ միայն թվացել է, թե քիչ ես գցել, եթե քիչ գցած լինեիր, այսպես չէր լինի։— Նա սրտի խորքից հառաչում է։— Է՜, հանգուցյալի մահից հետո, դու կերակուրներն այնքան էլ լավ չես պատրաստում, Գրիգոր։ Երբ հանգուցյալը կենդանի էր, հսկում էր, խորհուրդներ էր տալիս, և դրա համար կերակուրներն այնպես լավ էին դուրս գալիս։ Իսկ հիմա.. (նա նորից հառաչում է)։ Ես ասել եմ, էլի կասեմ, Գրիգոր, որ հայ խոհարարը կարգին կերակուր եփել չգիտի… Հայը, իսկապես, պետք է մնա ռանչպար, և ոչ թե խոհարար դառնա… Հայը կարող է, ճիշտ է, առևտուր անել, միրգ ծախել, բայց խոհարարությունը նրա բանը չի. հայը քուֆթից բացի ուրիշ բան չի կարողանում եփել։ Իսկ խոհարարը, Գրիգոր, ամեն բան պետք է իմանա, ամե՛ն բան… Հասկանո՞ւմ ես… Խոհարարությունն էլ արհեստ է, ինչպես դերձակությունը, ինչպես ոսկերչությունը… Խոհարարը պետք է հասկացող լինի… Հասկանո՞ւմ ես…Գրիգորի շրթունքները դողում են, հայտնի չէ՝ երկյուղի՞ց, թե հուզմունքից։— Եթե չեք հավանում, պարոն,— ասում է նա կերկերուն ձայնով,— ես կերթամ, ուրիշին բռնեցեք… Հինգ տարի Միրզոևի տանն եմ եղել, միշտ գոհ են մնացել, հիմի…— Ես հո քե՛զ չեմ ասում, հիմար,— խնդում է պարոն Լևոնը։— Ես ընդհանրապես եմ ասում, որ հայը խոհարարություն չգիտի, նա կարող է միայն լավ բանվոր լինել երկաթուղու վրա կամ ոտնաման սրբող փողոցներում, իսկ խոհարար կամ սպասավոր երբեք… (նա մի փոքր լռում է)։ Ա՛յ, դու էլ, ճիշտ է, խոհարարություն և սպասավորություն ես անում, բայց ձևը չգիտես, Գրիգոր… Չգիտես, օրինակ, թե որքան աղ պիտի գցել մի ֆունտ մսին, չգիտես, թե ինչ տեսակ յուղն է լավը, իսկ դա հասարակ բան չի… Եթե մի խորհուրդ տվող չլինի քեզ, դու միշտ կսխալվես, Գրիգոր… Ա՛յ, ինչ եմ ասել, ուրիշ բան են ռուսն ու վրացին։ Նրանք ստեղծված են հենց խոհարարության համար. մաքո՛ւր, ժի՛ր, հասկացո՛ղ…Գրիգորի շրթունքները նորից դողում են։— Եթե չեք հավանում, վրացի բռնեցեք,— ասում է նա այս անգամ հուզված, դողացող ձայնով,— ես կերթամ։Ու, խոսքի կեսը բերանում, ուղղվում է դեպի դուռը։— Սպասի՛ր, Գրիգոր, սպասի՛ր,— կանչում է պարոն Լևոնը։Բայց Գրիգորը չի կանգնում։— Դուք ամեն օր ինձ չեք հավանում,— շարունակում է նա՝ նեղացած դեպի դուռը գնալով,— ես կարող եմ գնալ, ուզում եք ռուս բռնեցեք, ուզում եք վրացի, միևնույն է… Ես կերթամ…Սակայն չի գնում։ Վերջին խոսքերն արտասանելով՝ կանգնում է դռան մոտ անբավական ու դժգոհ դիրքով։— Ի՜նչ հիմարություն,— ետ է դառնում պարոն Լևոնը.— ո՞ւր ես ուզում գնալ։— Կերթամ ուրիշ տեղ։— Ի՜նչ հիմարություն… Քեզ ի՞նչ են անում, ա՛յ տղա, որ այդպես նեղանում ես։Գրիգորը հուզմունքից չի խոսում։Պարոն Լևոնը շարունակում է.— Որ ուզում եո զնալ, բա այս բաներն ո՞վ պիտի հավաքի,— ցույց է տալիս սեղանի երեսի ամանները,— ես հո չեմ կարող… Լա՜վ, ասենք, գնացիր, բա փողդ ի՞նչ ես անելու. ես հո քո փողապահը չեմ…Այս խոսքերի վրա Գրիգորն առաջ է գալիս։ Նրա դեմքն արտահայտում է վախ ու անհանգստություն։ Նա մտածում Է, որ տարիներով հավաքած գումարը՝ հարյուր հիսուն մանեթ, որ պետք է կնոջն ուղարկի պարտքը տալու և մի կով առնելու համար, տիրոջ մոտ է, առանց այդ գումարն ստանալու ինչպե՞ս կարող է գնալ։ Առաջ գալով՝ կանգնում է սեղանի քով։— Փողը տվեք, պարոն,— խնդրում է նա,— տվեք, ավելի լավ է գնամ…— Դե լա՜վ, լա՜վ,— ասում է պարոն Լևոնը։– Հիմարություններ մի անի։ Արի սեղանը հավաքիր, հետո…Գրիգորն անխոս հավաքում է սեղանի երեսը, ամանները տանում է խոհանոց, մրգերը դնում է պահարանը, սփռոցը թափ է տալիս պատշգամում, հետո գալիս կանգնում է տիրոջ առաջ, որ դրամն ստանա։— Ի՞նչ ես ուզում, Գրիգոր,— հարցնում է պարոն Լևոնը, ընդհատելով մտածմունքները հանգուցյալ կնոջ մասին։— Փողը…— Փո՜ղը… Փող հիմա որտեղի՞ց… Սպասիր, երբ կլինի, էն ժամանակ կտամ… Ի՛նչ, չլինի ուզում ես գնա՞լ իսկապես… Հիմար մի լինի,— խնդում է պարոն Լևոնը։— Ո՞ւր ես գնում, քո տեղը մարդ կա՞, որ գնում ես… Հիմար մի լինի։ Մի թեթև խոսքից ինչո՛ւ ես նեղանում… Արի՛ այստեղ, արի ավելի լավ է քեզ ասեմ, թե ինչ պետք է առնես էգուցվա ճաշի համար, արի։Եվ պարոն Լևոնը բազմոցի վրա պառկելով՝ թելադրում է Գրիգորին, թե ինչ պետք է գնել վաղվա ճաշի համար։— Կառնես իշխան,—ասում է նա ցուցամատը շարժելով,— տապակելիս վրան մի քանի ձու կկոտրես, բայց ձուն շատ չեփես։ Շատ եփելուց համը կկորչի… Իշխանից հետո՝ կառնես գառան միս կոտլետի համար, և տոլմացու։ Տոլմեն կեփես տերևով, բայց բրինձ քիչ կգցես… Հետո կառնես մի երկու ճուտ իրիկվա համար։ Կառնես կանաչի՝ թարխուն, բողկ… Եթե հնդկահավ պատահի՝ ա՛ռ, մյուս օրը պետք կգա. կարելի է տապակել…Մի քանի րոպե անց՝ պարոն Լևոնը սկսում է ննջել, իսկ Գրիգորը գնում է խոհանոց և մտածում տիրոջ մոտ մնացած հարյուր հիսուն մանեթի մասին և այն մասին, թե ինչպես անի, որ վաղվա ճաշը դուր գա տիրոջը։Եվ այսպես ամեն օր…
Category: Uncategorized
Ստեփան Զորյան | «Ջերմաչափը»
Ես մի քիչ ռոմանտիկ բնավորություն ունեմ։ Երբ տխուր, միակերպ կյանքը ձանձրացնում է ինձ, երբեմն նստում-մտածում եմ անցյալի մասին, իմ մանկության ու դպրոցական օրերի մասին։Այսօր էլ իմ դպրոցական օրերի վրա մտածելով, հիշեցի մեր դպրոցի խոհարար պարոն Կարապետին, այն փոքրիկ ու վտիտ ծերունուն, որ ահագին ազդեցություն ուներ մեր ուսումնարանում։Մենք՝ աշակերտներս, նրան անվանում էինք «Ջերմաչափ»։ Այդ անունը նա ստացել էր մեր դպրոցի նախորդ սերնդից։ Նրան այդպես կոչում էին այն պատճառով, որովհետև նա՝ իր ֆիզիկականով պարզ որոշում էր տարվա չորս եղանակների փոփոխությունը։ Գուցե շատերին տարօրինակ թվա, թե այդ ինչպես կարող էր լինել։ Սակայն այդպես էր։ Օրինակ, հենց որ աշունը գար, ծառերն սկսեին մերկանալ տերևներից և մշուշը շաբաթներով ծածկեր Արարատի գագաթը, պարոն Կարապետը, ցուրտ զգալով, կսկսեր ուսերն աստիճանաբար բարձրացնել, և մինչև ձմեռնամուտ կհասցներ ականջների մոտ. իսկ երբ գալիս էր իսկական ձմեռը, Արարատյան դաշտի այն կծու ձմեռը, որ եղյամ է կապաւմ մարդկանց բեղերի և հոնքերի վրա, տալով նրանց ծերունու դեր կատարող դերասանի կերպարանք, և լուսամուտների ապակիները զարդարում է բազմապիսի ծաղկանկարներով— այդ ժամանակ պարոն Կարապետի ուսերն այնքան էին բարձրանում, որ նրա փոքրիկ գլուխը թաղվում էր նրանց մեջ։ Սակայն գարունը բացվելուն պես, երբ ուռիներն սկսում էին կարմրել և սարյակների առաջին խմբերն երևում էին բարդիների կատարին, նրա ուսերը հետզհետե իջնում էին նորից և մինչև ամառ բռնում իրենց կանոնավոր դիրքը։ Բայց ամառվան շոգերն սկսվելուն հետ, երբ տաքացած փողոցներում զգացվում էր մի տեսակ վառոդահոտ, պարոն Կարապետի ուսերն սկսում էին իջնել ցած, և մինչև հուլիս նրանք այնքան էին իջնում, որ նրա թևերը, սպանված բադի ոտների պես, ուղիղ կախ էին ընկնում կողքերից։Ահա՝ այս հատկությունների համար էլ նրան անվանում էինք «Ջերմաչափ»։ Բայց, իհարկե, մեզանից ոչ ոք չէր համարձակվում նրա երեսին տալ այդ անունը։ Մենք նրան դիմում էինք ուղղակի «պարոն Կարապետ» ասելով։Այս պարոն Կարապետը մի արագախոս ու արագաշարժ ծերունի էր՝ կարճ հասակով և երկար ձեռներով, որոնք մինչև ծնկներն էին հասնում։ Ամուրի լինելու պատճառով, նա դպրոցից դուրս ոչ մի հոգս և մտածմունք չուներ։ Սիրում էր շարունակ խոսել դպրոցի կարգ ու կանոնի մասին, և այնքան շատ էր կրկնում «կարգ ու կանոն» բառերը, որ աշակերտները նրան կպցրել էին մի երկրորդ անուն ևս — «Կարգ ու կանոն»։ Լինելով վանեցի՝ անչափ սեր ուներ վիճելու, վիճում էր այնպիսի բաների մասին, որ երբեք վեճի առարկա չէին լինում։ Կպատահեր, դիցուք, աշակերտներից մեկը կհարցներ, թե ինչու նա կիրակի օրը չի գնում զբոսնելու։ «Ա՜, զբոսնելո՜ւ,— հեգնում էր նա,— իսկ ի՜նչ օգուտ կարելի է ստանալ զբոսնելուց, ասա խնդրեմ…»։ Իսկ եթե հարցնող աշակերտը լինում էր իմ ընկեր գիշերօթիկներից, նա ավելացնում էր.— Ա՜, զբոսնելու գնամ, որ այստեղ ամեն ինչ տակն ու վրա անե՞ք… Չէ՛, չեք տեսնի…Եվ, իսկապես, շաբաթներով, ամիսներով նա դուրս չէր գնում դպրոցի դարբասից, վախենալով, ինչպես ինքն էր ասում, որ իր բացակայությունը կարող է խախտել դպրոցի կարգ ու կանոնը։ Նրան միշտ կարելի էր տեսնել կամ խոհանոցում կամ տեսչի տանը (մեր տեսուչն ապրում էր դպրոցի գավթում) կամ թե բակում շրջելիս, ուր վերակացուների հետ միասին հսկում էր աշակերտներին։ Եվ ո՜ր աշակերտի արարքը կարող էր վրիպել նրա սուր աչքերից։ «Կարգ ու կանոնով եղիր,— թափ էր տալիս նա մատն այն աշակերտի վրա, որը երգ էր ասում կամ վազում բակում։— Կարգ ու կանոնով, հասկանո՞ւմ ես, սա դպրոց է, վարժարան, այստեղ պետք է կարգ ու կանոնով լինել»։«Կարգ ու կանոնը» նրա մեջ, կարծեք, դարձել էր միս ու արյուն, նույնիսկ կերակուրների մասին խոսելիս՝ ասում էր, «կարգ ու կանոնով կերակուրներ», իսկ երբ իր բրդոտ կատվին, որին միշտ թրջած հաց էր ուտեցնում, տեսչի տունը գնալու համար պատժում էր, և մատը թափ տալով կրկնում.— Կարգ ու կանոնով եղիր, անպիտա՛ն, կարգ ու կանոնով։ Իմացիր ում տանն ես գտնվում։ Ամեն տուն չի կարելի մտնել։Լինելով դպրոցի խոհարարը, պարոն Կարապետը, առանց մեկի օգնության, ինքն էր եփում բոլոր կերակուրները մեր գիշերօթիկների համար, որից օգտվում էին և՛ տեսուչը իր ընտանիքով, և՛ վերակացուները։ «Կարգ ու կանոնով» առաջնորդվելով նա սեղանատուն էր ուղարկում այնքան քիչ կերակուր, որ քաղցած նստում էինք — սոված վեր կենում։ Սրա համար երբեմն բողոքում էինք մեր վերակացուին, բայց՝ սա միշտ ականջի կողքով էր անցկացնում մեր բողոքը, որովհետև երեկոներն, իր բացակայության ժամանակ, խոհարարը հաճախ փոխարինում էր իրեն։ Ուստի հուսահատված դիմում էինք տեսչին, և երբ տեսուչը բացատրություն էր պահանջում խոհարարից, սա իր փոքրիկ հասակով կանգնում էր տեսչի առաջ և երկար ձեռները կողքից կախած՝ հասկացնում էր տեսչին, թե դպրոցում պետք է «կարգ ու կանոն պահպանել»։ «Կարգ ու կանոնը լավ բան է, պարոն տեսուչ. եթե աշակերտներին շատ կերակուր տանք, նրանք ձեզ չեն լսի. փորձով գիտեմ»։ Եվ, մեր ներկայությամբ, պարոն Կարապետը սովորեցնում էր տեսչին, թե ինչպես պետք է կառավարել դպրոցը, ինչպես աշակերտներին երես չպետք է տալ…Պարոն Կարապետը հաճախ կատարում էր և վերակացուի պաշտոն։ Բացի բակում աշակերտներին հսկելուց, երեկոները ման էր գալիս գիշերօթիկներիս ննջարանի լուսամուտների տակ՝ տեսնելու, թե ինչով ենք զբաղված։ Երբեմն էլ, երբ վերակացու պ. Միքայելը գնում էր թուղթ խաղալու (այս մենք իմացել էինք մի աշակերտից, որի քեռու հետ էր խաղում), երեկոները պարոն Կարապետն էր մտնում մեր ննջարանը, իմանալու՝ քնե՞լ ենք, վատ գրքեր հո չե՞նք կարդում, կամ վերջապես, «կարդ ու կանոնո՞վ» ենք թե՞ ոչ։ Նա ներս էր մտնում անշշուկ, անձայն, ինչպես դավադիր։ Ննջարանում մոռանում էր իր պաշտոնը և սկսում նկատողություններ անել, բարկանալ.— Քնեցեք, տղերք, իսկո՛ւյն,— ասում էր, եթե արթուն էինք լինում։Իսկ եթե արթուն էինք լինում և լամպը վառ թողած՝ նա գլուխն օրորում էր.— «Ինչո՞ւ լամպը չեք քաշում. սա ի՞նչ կարգ ու կանոն է, ա՛յ-ա՛յ-ա՛յ»։ Եթե մեկիս վերմակը ծռված էր լինում, նա բոլորովին վերցնում էր այն ու նորից խնամքով ծածկում, կարծելով թե դա շա՜տ հաճելի է մեզ, և զարմանում էր, որ շնորհակալ չենք լինում։Ընդհակառակը, մենք բոլորս ատում էինք նրան։ Ատում էինք և վախենում միաժամանակ։ Եվ ոչ միայն մենք՝ գիշերօթիկներս դպրոցում ամենքը (բացի տեսչից, որի տանը ձրի ծառայում էր նա) ատում էին նրան և վախենում միաժամանակ։ Ուսուցիչները նրա հետ չէին խոսում, վերակացուները խուսափում էին նրանից։ Պատմում էին, թե տեղեկություններ է հավաքում ուսուցիչների վարած կյանքի մասին և նրանց գաղտնիքները հաղորդում տեսչին։ Պատմում էին նաև, որ տեսուչը նրա խորհրդով է վարվում։ Թե որքան ճիշտ էր այդ բոլորը — դժվար է ասել։Բայց ամենից շատ նրան ատում էինք մենք՝ գիշերօթիկներս, սակայն վախից չէինք կարողանում արտահայտվել և բավականանում էինք միայն նրանով, որ խոհանոցի մրոտած պատերին կամ օջախի չուգունի երեսին գրում կինք կավիճով.«Չափ-չափ-չափ — Ջերմաչափ»։Մեր այս արարքը, հարկավ, անպատիժ չէր մնում։ Խոհարարը սաստիկ բարկանալով՝ ամենից առաջ պակասեցնում էր կերակուրները, հետո զեկուցում էր տեսչին անկարգ աշակերտների մասին և սաստկացնում գիշերային հսկողությունը ննջարանի լուսամուտների տակ, որտեղից երբեմն երևում էին նրա պրպտող աչքերը, որոնք հիշեցնում էին պատի ճեղքերից նայող մկների, որ այնքան զգույշ են լինում և այնպես ուզում են ամեն ինչ տեսնել։Մի անգամ, սակայն, նրա հսկողությունը սաստիկ վրդովեց գիշերօթիկներիս։Մի երեկո, երբ վերակացու պ. Միքայելը դարձյալ գնացել էր թուղթ խաղալու, պարոն Կարապետը, ինչպես միշտ, անձայն, անշշուկ մտավ ննջարան։ Բոլորս լսում էինք մեր ընկեր Աբելյանի ընթերցումը։ Նա կարդում էր Զոլայի վեպերից մեկը։ Դռան բացվելու ձայնը լսելուն պես՝ նա գիրքը դրեց բարձի տակ և վերմակը քաշեց գլխին։ Պարոն Կարապետը ոտների ծայրերի վրա, աչքերը պրպտելով անցավ մահճակալների արանքով և կանգ առավ աշակերտ Աբելյանի մահճակալի մոտ։ Մենք ձևացրինք, թե քնած ենք։ Նա մի րոպեի չափ նայեց Աբելյանին և ապա, ավելի մոտենալով, նրա բարձի տակից հանեց Զոլայի գիրքը և բացականչեց.— Ա՛հ, դուք այստեղ հեղափոխական գրքեր եք կարդո՜ւմ։Աբելյանը վեր թռավ տեղից։— Դա հեղափոխական գիրք չի, պարոն Կարապետ,— ասաց նա հուզված և փորձեց գիրքը խլել խոհարարի ձեռից։Բայց խոհարարը, պահպանիչ ասող քահանայի նման, գիրքը երկու ձեռով բարձրացրեց գլխից վերև։— Լա՜վ կարգ ու կանոն է,— շարունակեց նա,— էլ ի՛նչ ասել կուզի… Ի՞նչ է, դուք ուզում եք այստեղ հեղափոխությո՞ւն սարքել… Լա՜վ, շա՛տ լավ…— Դա հեղափոխական գիրք չի, պարոն Կարապետ,— ձայն տվին աշակերտներն իրենց անկողիններից։— Հապա՛, հապա ինչ զահրումար է, որ հեղափոխական չի։ Մի՞թե չեմ տեսնում, ինչ տեսակ կազմ ունի։— Սա Զոլայի գիրքն է, պարոն Կարապետ, Զոլայի,— կրկնում էր Աբելյանը և նորից փորձում գիրքը խլել։— Ա՜հ, Զոլայի՜,— չարախնդաց խոհարարը, գիրքը ավելի բարձրացնելով։— Գիտե՛մ, գիտե՛մ ո՛վ է այդ Զոլան. նա ինքն ամենամեծ հեղափոխականն է, ամենամեծ սրիկան։ Ճանաչում եմ ձեր այդ Զոլային, ճանաչում եմ… Բանտը քիչ է նրան…— Զոլան գրող է, պարոն Կարապետ,— ասում էր Աբելյանը և գիշերային շապիկով պտտվում խոհարարի շուրջը։— Գրող է, հեղափոխական չի…Նույնը կրկնում էին և աշակերտներն իրենց մահճակալներից, բայց պարոն Կարապետը քմծիծաղ էր տալիս միայն։— Գիտե՜մ ի՛նչ գրող է. գիտե՜մ…Կարճ միջոցում աշակերտները, միայն գիշերային շորերը հագներին, շրջապատեցին խոհարարին և աշխատեցին գիրքը խլել նրա ձեռից։ Որքան շատ էին հոգ տանում գրքի մասին, այնքան ավելի պարոն Կարապետը կասկածում էր, որ գիրքն անպատճառ հեղափոխական գիրք է, ուստի և ավելի էր բարձրացնում այն։ Մեկ էլ, հանկարծ, մի զարմանալի ճարպկությամբ, նա գիրքը կոխեց ծոցը և, ձեռքերը կրծքին դնելով, գոռաց.— Տեղնե՛րդ, անպիտաններ։ Կարգ ու կանոնով եղե՛ք…Տեսչի երկյուղից և սկանդալից խուսափելու համար քաշվեցինք մեր տեղերը, իսկ պարոն Կարապետն իր ավարով հաղթական, արագ-արագ գնաց դեպի դուռը։ Շեմքի մոտ՝ նա երեսը շրջեց դեպի մեզ և սպառնաց մատը թափ տալով.— Սսյասեցե՛ք, ըմբոստներ, սպասեցեք. ցույց կտամ ձեզ կարգ ու կանոնը…Ու դուռն ամուր շրխկացնելով՝ անհետացավ։Լուսամուտներից նկատեցինք, որ գնաց տեսչի տուն։Տեսչի առանձնասենյակում լույս էր վառվում։Օ՛հ, ինչ օր էր այդ։ Մեր ննջարանից քանի՜-քանի՜ գլուխներ ու բռունցքներ էին թափահարվում նրա ետևից և ատամներ կրճտում անզորությունից։Ինչպես և սպասում էինք, հետևյալ օրր մեր ճաշն ավելի պակասեց, իսկ տեսուչը խիստ նկատողություն արավ մեզ. «Ինչ բան է, աշակերտ մարդիկ, փոխանակ դաս սովորելու, սիրային վեպեր եք կարդում, խոհարարին ծեծում ննջարանում և դուրս գցում»։— Մի՞թե չեք ամաչում,— ավարտեց տեսուչն իր ճառը, բարկացած աչքերը հառելով մեզ վրա։Իզո՜ւր աշխատեցինք պաշտպանվել. իզո՜ւր փորձեցինք համոզել, թե խոհարարին չենք ծեծել.- մեզ ոչ ոք չէր լսում, մեզ ոչ ոք չէր հավատում։Դեպքն այնպես վրդովեց գիշերօթիկներիս, որ սկսեցինք հնար մտածել խոհարարից վրեժ առնելու։Ինչե՜ր ասեք չի հնարում վիրավորված դպրոցականի գլուխը, մանավանդ գավառում։ Է՛լ աղետ, է՛լ հիվանդություն չմնաց, որ չցանկանայինք մեր խոհարարին։ Աբելյանը, որ ամենից տուժողն էր, առաջարկում էր սպանել խոհարարի սիրելի կատվին. մի ուրիշ աշակերտ խորհուրդ էր տալիս գողանալ խոհարարի գլխարկն ու կոշիկները և գցել մի փոսի մեջ։ Այսպես՝ ամեն մեկը մի բան էր ասում, երբ, վերջապես, չորրորդ դասարանի մի աշակերտ առաջարկեց՝ խոհարարին տեսչի աչքում վարկաբեկելու համար, թաքուն աղ լցնել կերակուրների մեջ։Առաջարկը բոլորին դուր եկավ։ Աշակերտները հորթի պետ ուրախացան։ Վերջապես, վերջապես, գտնվեց մի միջոց անպիտան խոհարարին պատժելու,— մտածում էր ամեն մեկն այդ րոպեին։ Բայց ո՞վ կկատարի այդ հանդուգն քայլը։— Ես,— բացականչեց Աբելյանը կարմրած։— Ես… Այդ բանը թողեք ինձ…Ժամանակը ձմեռ էր. լուսամուտների ապակիները սառույց էին բռնել, եղյամը երևում էր մարդկանց դեմքի մազերի վրա և բրդե թելի կտորների նման խաղում օդի մեջ։ Պարոն Կարապետի գլուխն արդեն թաղվել էր ուսերի արանքում։ Մի ամբողջ շաբաթ դպրոցը պատրաստվում էր Վարդանանց տոնի օրը հանդես կատարելու, որին հրավիրված էին եպիսկոպոսը, քաղաքագլուխը և մի բանաստեղծ, որ մի ոտանավոր էր նվիրել մեր դպրոցին։ Աբելյանը հանդեսի պատրաստությանը չէր մասնակցում. նա վերարկուի օձիքն ականջներին քաշած, ազատ ժամանակը շարունակ պտտվում էր խոհանոցի մոտերքը, կարծես ուսումնասիրում էր մուտքը, հարմարությունները, բայց խոհանոց չէր մտնում, որովհետև պարոն Կարապետը, ցրտի պատճառով, խոհանոցից չէր հեռանում…Վերջապես եկավ հանդեսի օրը։ Խոհարարն առավոտից մեծ պատրաստության մեջ էր, որովհետև հանդեսից հետո լինելու էր ճաշկերույթ։ Եկել էին բոլոր հրավիրված մարդիկ. քաղաքագլուխը, բանաստեղծը, եպիսկոպոսը և երկու վարդապետ, որոնք իրար այնքան էին նման, ինչպես երկվորյակները։Դպրոցի բեմը զարդարված էր գորգերով և գույնզգույն թղթերով։ Տեսչի ճառից հետո խոսեց և եպիսկոպոսը «մեր փառավոր նախորդաց» մասին և էլի մի երկու հոգի։ Ապա սկսվեց երգն ու արտասանությունը։Հանդեսը վերջանալու վրա էր, երբ դահլիճ մտավ և պարոն Կարապետը. նա հագել էր իր տոնօրյա զգեստը — սև, երկար կապան, իսկ վզին փաթաթել էր մի կարմիր թաշկինակ։ Դահլիճի տաքության շնորհիվ նա ուսերն իջեցրել էր մի փոքր և սաստող հայացքով նայում էր աշակերտներին, կարծես ուզում էր ասել. «կարգ ու կանոնով եղեք, անպիտաննե՜ր, հյուրեր կան այստեղ»։ Նրա երևալուն պես՝ Աբելյանը չքացավ հանկարծ և մի քանի րոպեից նորից հայտնվեց այլայլված, կարմրած այտերով։Հանդեսից հետո սկսվեց ճաշը։ Թե հյուրերը, թե ուսուցիչները և թե աշակերտները մի սեղանատանն էին։ Գլխավոր սեղանի գլխին տեղ էր բռնել եպիսկոպոսն իր թիաձև միրուքով. նրա աջ և ձախ կողքերին՝ վարդապետները, հետո քաղաքագլուխը՝ իր դեղին շղթան վզին, տեսուչը, բանաստեղծը և ուսուցիչները կարգով։ Մեր՝ աշակերտներիս՝ սեղաններն առանձին էին. բայց, չնայած դրան, մենք ուշադրությամբ հետևում էինք մեծերի զրույցին։ Մինչև կերակուրի բերելը սրբազանը պատմում էր սեղանակիրներին, թե ինչպես մի անգամ, մանուկ ժամանակ, ձին քարի է տվել իրեն և ինչպես ինքն ուշաթափվել է հարվածից… Սեղանակիցները մեծ ուշադրությամբ հետևում էին սրբազանի զրույցին և ոչ ոք չէր համարձակվում որևէ խոսքով ընդհատել նրան։ Երբ սպասավորները կերակուրը բերին— խոսակցությունը իսկույն դադարեց։ Հայր սրբազանն սկսեց միրուքը շփելով սեղանն օրհնել։ Ոչ ոք կերակուրին չմոտեցավ, մինչև որ եպիսկոպոսն ինքը չճաշակեց ամենից առաջ։ Եվ քանի որ մեր կերակուրը չէին բերել, մենք շարունակ՝ աչքի տակով՝ հետաքրքիր նայում էինք հյուրերի կողմը։ Ամենից շատ մեզ գրավում էր բանաստեղծն իր երկար մազերով… Երբ սրբազանն արծաթե գդալով կերակուրը տարավ բերանը, նա դեմքը խոժոռեց՝ փռշտալ պատրաստվողի նման։ Եվ զարմանք բան. նույնպես՝ առաջին գդալից հետո դեմքերը խոժոռեցին թե՛ վարդապետները, թե՛ քաղաքագլուխը, թե՛ բանաստեղծն ու ուսուցիչները. իսկ տեսուչը գունատվեց. գունաթափվեցին և մի քանի ուսուցիչներ։ Բայց ոչ ոք ոչինչ չէր խոսում։ Եվ առաջինը դարձյալ եպիսկոպոսն եղավ, որ խզեց լռությունը։— Ինչպես երևում է,— ասար նա ծանր ու միրուքը շփելով,— ձեր խոհարարը մի քիչ այնպես… աղը շատ է արել…— Այո,— գլխով արին վարդապետները։— Մի քիչ այնպես…Բանաստեղծն ու քաղաքագլուխը լուռ մնացին։Այս անգամ տեսուչն ավելի գունատվեց։ Այդ րոպեին նա հիշեցնում էր քննություն տվող աշակերտի, որ տրված հարցերին չի կարողանում պատասխանել։ Ուսուցիչները լուռ նայում էին նրան, իսկ նա մեղավոր հայացքով նայում էր հյուրերին և կարծես ուզում էր ասել՝ «Ներեցեք»…Խե՜ղճ տեսուչ… Այդ միջոցին որքա՛ն ողորմելի էիր դու քո անունով, քո ակնոցով և սեպաձև միրուքով։Անհարմար լռությունը խզեց դարձյալ եպիսկոպոսը.— Ոչինչ, ոշինչ. թողեք մյուս կերակուրներիդ բերեն…Ճաշն անրավ լուռ, հանդեսի բարձր տրամադրությունը բոլորովին ընկավ։ Ամենքն էլ աշխատում էին ցույց տալ, որ պատահածը ոչինչ բան է, բայց նրանց շարժուձևերը, հայացքը մատնում էին նրանց։Ամենից անհանգիստ էր տեսուչը. նա շարունակ կրծում էր ներքևի շրթունքը։ Դա արդեն ապացույց էր, որ սաստիկ բարկացած է։Աբելյանը հասել էր իր նպատակին, որի տխուր հետևանքը, հարկավ, չէր նախատեսել։Հենը մյուս օրը խոհարարն արձակվեց պաշտոնից։Որքան էլ նա աշխատում էր համոզել տեսչին, վերակացուներին, թե անմեղ է, բայց հիմա էլ նրան չէին հավատում…Երբ նա, իրերը հավաքած, կատուն գրկած, անցնում էր դպրոցի բակով, լալիս էր։ Սակայն աշակերտներից և ոչ մեկը չզգացվնց նրա արցունքներից։— Կերթամ,— ասաց նա դարպասի մոտ երեսը դեպի դպրոցը դարձնելով,— կերթա՜մ ուրիշ տեղ խոհարար կլինեմ, բայց վախենում եմ, որ այս դպրոցի կարգ ու կանոնը խախտվի…Ու գնաց ծեր, փոքրիկ գլուխն ուսերի մեջ խրած։Նրա գնալուց հետո, դպրոցի «կարգ ու կանոնը» խախտվեց նրանով, որ փոքրիկ աշակերտներն ազատ շրջում էին բակում, ծիծաղում էին առանց վախի, իսկ մենք՝ գիշերօթիկներս, երբեմն երգ էինք ասում մեր տխուր ննջարանում։Խե՜ղճ «Ջերմաչափ»… Արդյոք որտե՞ղ ես հիմա։Ես այժմ պատրաստ եմ ամեն ինչ ներել քեզ…
The Tragic Story of Nikola Tesla
Մովսես Խորենացի | Ողբ
Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարեկարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ։Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից։
Continue reading “Մովսես Խորենացի | Ողբ”Հարցեր կենսաբանություն
1.Օրգանական և անօրգանական նյութեր, մակրո և միկրո տարրեր
Օրգանական են կոչվում են այն բարդ քիմիական միացությունները, որոնց կազմի մեջ մտնում է ածխածին: Օրգանական նյութերն ունեն կենդանական կամ բուսական ծագում
Անօրգանական նյութերը կարող են լիել և՛ կենդանի օրգանիզմներում և՛ կենդանի օրգանիզմներից դուրս։
2.ածխաջրեր, սպիտակուցներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները
Ածխաջրեր,, քիմիական միացություններ՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից։ Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ։ Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ։ Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում։
3.նուկլեյնաթթուներ դրանց կառուցվածքը և ֆունկցիաները
Նուկլեինաթթու , բարձրամոլեկուլային օրգանական միացություն, կենսապոլիմեր , որը կազմված է նուկլեոտիդներից։ Նուկլեինաթթուներ դեզօքսիռիբոնուկլեինաթթուն և ռիբոնուկլեինաթթուն առկա են բոլոր կենդանի օրգանիզմների բջիջներում։ Նրանք կարևորագույն դերն ունեն ժառանգական ինֆորմացիայի պահպանման, փոխանցման և իրականացման մեջ։
4.Տրանսկրիպցիա և տրանսլյացիա
Տրանսկրիպցիայի ժամանակ ԴՆԹ-ից սինթեզվում է իՌՆԹ։
Տրանսլյացիայի ժամանակ իՌՆԹ-ից սինթեզվում է սպիտակուց։
Քիմիական ռեակցիայի տեսակները և հատկանիշները
Ֆիզիկական և քիմիական երևույթներ
Բնության մեջ կատարվող փոփոխությունները, կոչվում են բնական երևույթներ։ Երևույթները լինում են ֆիզիկական և քիմիական։
Ֆիզիկական երևույթների դեպքում ձևը, չափերը, ագրեգատային վիճակը փոխվում է, բայց նոր նյութ չի ստացվում։
Քիմիական երևույթի, քիմիական փոխարկման, քիմիական ռեակցիաների դեպքում առաջանում են նոր նյութեր, նոր ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիական հատկություններով։
Քիմիական ռեակցիաների տեսակները
Քիմիական ռեակցիաները լինում են 4 տեսակի` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ երկու կամ ավելի նյութեր միանում են իրար և առաջանում է մեկ բարդ նյութ։ Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ մեկ բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր։ Տեղակալման ռեակցիաներն տեղի են պարզ և բարդ նյութերի միջև, որոնց ժամանակ պարզ նյութի ատոմները տեղակալվում են կամ դուրս են մղում բարդ նյութի ատոմներից մեկին։ Ռեակցիայի հետևանքով առաջանում է նոր պարզ և բարդ նյութ։ Փոխանակման ռեակցիաները տեղի են ունենում երկու բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց բաղադրիչ մասերով։
Միացման ռեակցիայի օրինակ ՝ Երկաթի սուլֆիդի առաջացումը․ Երկաթ + ծծումբ → երկաթի սուլֆիդ․ Fe+S→FeS։
Քայքայման ռեակցիայի օրինակ ՝ Մեկ բարդ նյութից՝ պղնձի (II) հիդրոքսիդի քայքայումից առաջանում են երկու բարդ նյութ՝ պղնձի (II) օքսիդ և ջուր․ Cu(OH)2=CuO+H2O։
Տեղակալման ռեակցիայի օրինակ ՝ Պարզ նյութ՝ ցինկի և բարդ նյութ աղաթթվի փոխազդեցությունից առաջանում են նոր պարզ նյութ՝ ջրածին և բարդ նյութ՝ ցինկի քլորիդ․ Zn+2HCl=H2+ZnCl2։
Փոխանակման ռեակցիայի օրինակ ՝
Քիմիական հատկանիշները
Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են ՝ ջերմության անջատումը և կլանում, գույնի փոփոխությունը, հոտի և համի առաջացում կամ անհետացում, գազի անջատում կամ կլանում, նստվածքի առաջացում կամ անհետացում։
Քիմիական կապի տեսակները
Կա քիմիական կապի 4 տեսակ ՝ Կովալենտ կապ(բևեռային, ոչ բևեռային), Իոնային կապ, Մետաղական կապ, Ջրածնային կապ։
Կովալենտ բևեռային է կոչվում, այն կապը, որն առաջանում է տարբեր ոչ մետաղների ատոմների միջև ընդհանուր էլեկտրոնային զույգի միջոցով: Օրինակ ՝ HCl, H2O, NH3, CH4։
Կովալենտ ոչ բևեռային է կոչվում, այն կապը, որը առաջանում է միևնույն ոչ մետաղների ատոմների միջև ընդանուր էլեկտրոնային զույգերի միջոցով։ Օրինակ ՝ H2, O2, N2։
Իոնային է կոչվում, այն կապը, որը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև տարբեր լիցքավորված իոնների միջոցով։ Օրինակ ՝ NaCl, K2S։
Դաս 4. Էլեկտրական հոսանք: Էլեկտրական հոսանքի աղբյուրներ:
1.Որ լիցքակիրներին են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները՝
ա. մետաղներում բ. էլեկտրոլիտներում:
Այն լիցքակիրները, որոնք կարողանում են ազատ տեղափոխվել մարմնի մի մասից մյուսը, կոչվում են ազատ լիցքակիրներ։ Մետաղներում, դրանք այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից: Հեղուկ հաղորդիչներում՝ թթուների, հիմքերի, աղերի ջրային լուծույթներում, որոնք անվանում են էլեկտրոլիտներ, ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:
Ազատ լիցքակիրները մետաղներում այն էլեկտրոններն են, որոնք պոկվել են ատոմներից:
Էլեկտրոլիտներում ազատ լիցքակիրները դրական և բացասական իոններն են:
2. Ինչ է էլեկտրական հոսանքը:
Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն անվանում են էլեկտրական հոսանք:
3.Ինչ լիցքակիրների ուղղորդված շարժմամբ է պայմանավորված լուսադիոդի լուսարձակումը:
Լուսադիոդի լուսարձակումը պայմանավորված է ազատ էլեկտրոնների ուղղորդված շարժմամբ:
4.Ինչպես է ընտրվում էլեկտրական հոսանքի ուղղությունը:
Որպես էլեկտրական հոսանքի ուղղություն ընտրվել է դրական լիցքերի շարժման ուղղությունը:
5. Երբ է հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող:
Երբ մետաղալարի ներսում ստեղծվում է էլեկտրական դաշտ և պահպանվում է այդ դաշտը, հաղորդչով անցնող էլեկտրական հոսանքը չընդհատվող է։
6.Ինչ է հոսանքի աղբյուրը:
Հոսանքի աղբյուրը էլեկտրական շղթայում չընդհատվող հոսանք ապահովող հատուկ սարք է:
7. Ինչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:
Գալվանական տարրը կազմված է երկու տարբեր մետաղե ձողերից կամ թիթեղներից, որոնք կոչվում են էլեկտրոդներ։ Էլեկտրոդներն ընկղմված են էլեկտրոլիտի մեջ: Էլեկտրոլիտը ծծմբաթթվի թույլ ջրային լուծույթն է: Էլեկտրոդներից մեկը պղնձե, մյուսը ՝ ցինկե ձողեր են:
8.Ինչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:
Եթե հոսանքի աղբյուրի ՝ գալվանական տարրի սեղմակները հաղորդալարերով միացնենք սպառիչին, ապա կստանանք պարզագույն էլեկտրական շղթա:
9.Նկարագրեք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:
Գալվանական տարրի սեղմակները սպառիչին միացնող հաղորդալարերում, ինչպես նաև լամպում կծագի էլեկտրական դաշտ: Այդ դաշտի ազդեցությամբ էլեկտրոնները ցինկե էլեկտրոդից կշարժվեն դեպի պղնձե էլեկտրոդ ՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Էլեկտրոդների և լուծույթի միջև հաստատված հավասարակշռությունը կխախտվի: Ցինկը կշարունակի լուծվել լուծույթի մեջ: Կշարունակվի նաև էլեկտրոնների անցումը պղնձե էլեկտրոդից դեպի լուծույթ: Այդ պրոցեսը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ ցինկե էլեկտրոդն ամբողջությամբ չի քայքայվել:
10.Էներգիայի ինչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:
Գալվանական տարրում տեղի է ունենում քիմիական էներգիայի փոխակերպում էլեկտրական էներգիայի:
11.Ինչ է էլեկտրական կուտակիչը:
Բազմակի օգտագործման գալվանական աղբյուրներն անվանում են կուտակիչներ։
12. Գալվանական տարրերի և կուտակիչների ինչ կիրառություններ գիտեք:
Գալվանական տարրերը, էլեկտրական կուտակիչները և դրանցից կազմված մարտկոցներն ունեն բազմազան և բազմաթիվ կիրառություններ: Գալվանական տարրերը, օրինակ, օգտագործվում են էլեկտրոնային ժամացույցներում, կառավարման վահանակներում, կենցաղային և տեխնիկական բազմաթիվ սարքերում: Կուտակիչներն և դրանց մարտկոցներն օգտագործվում են ավտոմեքենաների լուսավորման, դրանց շարժիչը գործարկելու, բջջային հեռախոսների աշխատանքի համար:
13.Որ սարքերն են կոչվում հոսանքի ֆիզիկական աղբյուրներ: Թվարկեք մի քանիսը:
Էլեկտրական գեներատորները, տուրբոգեներատորները և այլ սարքեր մեխանիկական, ջերմային, էլեկտրամագնիսական, լուսային կամ միջուկային տրոհման էներգիան փոխակերպում են էլեկտրականի։
Նահապետ Քուչակ | Հայրեններ
Էրնեկ ես անո´ր կու տամ, որ առեր իւր եարն է փախեր,Ոնց որ ըզկամուրջն անցեր, ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.Ձընիկ – եղեմնիկ եկեր, զոտվընուն հետքն է կորուսեր.Առեր, ի պաղչան մըտեր, ցորեկով զդընչիկն է պագեր:
2.Քանի դու ինձի էիր, նայ կանաչ ու ցօղն ի վրայ.Երբ դու որ յիսնէն ելար, ձիւն երեկ` եղեմն ի վըրայ.Թէ այլվ´ի ի յի´ս դառնաս ու կենաս խելացդ ի վըրայ.Երթամ, բարկ արե´ւ լինամ, գամ, կանգնիմ կամարիդ վըրայ:Լոյս ծագեմ ի քո վըրայ, որ սաստի´կ ձիւնըն վերայ:
3.Ուր էիր, ուսկի՞ց եկար, քան զամէն ծաղիկ դու պայծառ.Եկիր ւ´ի հոգիս մըտար, չես ի տար պահիկ մի դադար.Սըրտիս մէջն ի ժուռ եկար, ւ´ելնելու ճարա´կ չի գըտար.Զարկիր ի գըլխուս վերայ, ւ´աչերուս ի վար թափեցար:
4.Այս աստընվորիս վերայ երկու բան ողորմ ու լալի.Մէկ` որ սիրոյ տէ´ր լինի, Մէկ` որ գա´յ ըրողն ու տանի:Մեռածըն գէմ չէ´ լալի, որ ունի զիւր խոցն ալանի.Եկէ´ք, զողորմուկս տեսէք, ոչ մեռած է, ոչ կենդանի
5.Աչերդ է ծովէն առած, եւ ուներդ է ի թուխ ամպէն.Այդ քո պատկերքդ սուրաթըդ ի վարդին կարմիր տերեւէն.Ուր որ դու կանգնած լինիս, չէ պատեհ վառեն մոմեղէն.Ծոցուդ լոյսըն դուրս ծագէ, գէմ ելնէ մեռելն ի հողէն:
6.Սո´ւտ է, որ կ´ասեն, եղբա´րք, թ´ընտանի կաքաւ չի լինի.Մէկիկ մ´ես երէկ տեսայ, – ւ´երնեկ է զիր տէրն որ ունի.Իր օնքն էր ղալամով քաշած, ւ´իր բերանըն շաքարով ի լի.Զմեռելն այլ ի գիրկն առնու, ի ծոցուն հանէ կենդանի:
7.Լուսի´ն, պարծենաս, ասես. Լուս կու տամ ես աստընվորիս:Ահա´ հողեղէն լուսին ի գըրկիս´ւ երեսն երեսիս.Թէ չես աւատալ այս գերուս, յե´տ տանեմ ըզփէշ կապայիս,Վախեմ` սիրոյ տէր լինիս, լուս պակա´ս տաս աստընվորիս:
8.Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ, յո´ւր տեսնում աղւոր, նայ սիրեմ,Թէ զյաւիտենից պատճառն եմ ուսել, ես երթամ, ասեմ,Զաղէկըն այլ գիրկս առնեմ, ւ´աստուծոյ երթամ, ցըցընեմ,- Զաղէկըն դո´ւ ստեղծեցիր, ինձ յէ՞ր մեղք դընես, թէ սիրեմ:
9.Լուսինն ի սարէն փըրթաւ, ի´նքն ու իւր աստըղըն ի հիտրաց.Զաղուորն ի գիրկըս առի, պագ առի երկուքս ի հիտրաց.Ըստեղծողն իր բերնովն ասաց. Մի´ թողուր զատ եարդ ի ձեռաց.Հընցկուն պէլըման աղուոր չե´մ ստեղծեր երկուքն ի հիտրաց:
10.Հընցեղ եմ ի քո սիրուդ, որ տըղեկըն ծիծ չէ կերել.Մարիկըն վաղուց մեռել, ու տըղեկն որբուկ մընացել:Ջուր տուր իմ ծարաւ լերդիս, քո սիրուդ ի տապն եմ ընկել.Խօսէ´, որ առնում իխրար, ես յետի նէֆէսս եմ եկել:
11.Ես ան հաւերուն էի, որ գետինըն կուտ չուտէի.Թըռչ´ի երկընօքն երթ´ի, թէ սիրոյ ակնատ չընկնէի.Ակնատն ի ծովուն միջին`էր լարած ‘ւ ես չգիտէի.Ամէն հաւ ոտօքն ընկնէր, ես ոտօքս ու թեւս աւելի:
12.Ա´յ, գընա´, չի պիտիս դուն ինձ, լուկ պեզա´ր իմ սիրտս ի քենէ.Զերայ խոցեցիր դուն զիս, լուկ վերցաւ սիրտըս ի քենէ.Թէ գան ու զքեզ ջուր ասեն, կամ ջըրին ճարակն ի քենէ´,-Տարեկ մի ծառուած կենամ, չի խըմե´մ կաթիկ մ´ի քենէ:
13.Երբ որ ես պըզտիկ էի, կանչեին ինձ ոսկի տըղայ.Մեծցա, սիրու տէր եղայ, երեսիս գոյնըն կու գընայ.- Մանկտի՜ք, ձեր արեւն ասեմ, որ սիրուն` քարըն չի դիմնայ.Սիրուն` քար ւ’երկաթ պիտի, պողպատէ դըռնակն ի վերայ:
14.Այդ քո ստեղծողիդ համար, երբ քայլես, զուներդ մի´ շարժեր.Այդ քո աչերուդ խընճերն`շատ մարդու աիւն է խըմեր.Խօշ եա´ր, արեւուդ համար, որբուկ եմ, զիս մի´ լացըներ.Տըղայ եմ, չեմ ի կենար, զիս ի քո կրակըդ մի´ ձըգեր:
15.Ես աչք ու դու լոյս, հոգի, առանց լո´յս` աչքըն խաւարի.Ես ձուկ ու դու ջուր, հոգի, առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.Երբ զձուկն ի ջրէն հանեն ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,Երբ զիս ի քենէ զատեն, քան զմեռնելն այլ ճար չի լինի:
16Հանցգուն եմ ի քո սիրուդ, զինչ ամպերըն կ’առնեն շառափ.Զայդ երկիրն ամէն գիտէ, սիրօյ տէր եմ հետ քեզ խարապ.Այս իմ նենգաւոր աչերս չի կենար մէկ պահ մի պարապ.Կուլայ, զօրն ըզքե´զ կ’ուզէ, չի´առներ այլ մարդու տօլապ:
17.Կօզա´լ, մի´ հագնիր կապուտ, մի´խաղար ու տար թեւերուդ.Մի´ գար ւ’ի դըռնովն անցիր, մի´ ճօճար, կօզա´լ, արեւո~ւդ.քո հարն ալ շատ վարձկ արեր, շատ կարմունճ կապեր գետերուն.Դուն ալ մէկ վարձկունք մ´արա, պագ մը տուր դընչիդ մօտերուն:
18.Կարմի´ր ճերմակ երես, ա՜մ քանի՞ դու զիս պիտ էրես.Քանի որ մէջիս նըստիս, ուներովդ հետ ինձ զըրուցես.Կոճկեկդ այլ արձակ այնես, ու ճերմա´կ ծոցըդ ցըցընես.Կու վախեմ` թողուս, ելլես, ու ծոցէդ մահրում մընամ ես:
19.Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինիմ, տէր չունիմ, որ գայ զիս ձենէ.Ո´չ ունիմ համբերութիւն, որ լըռեմ սահաթ մի քենէ.Հանցեղ եմ ի քո սիրուդ, զինչ ամառ ծաղիկն ի ջըրէ.Խեղճըն ի յերկինք ի վեր պաղատէր թք կաթ մի կաթէր:
20.Իմ սիրտս ի քո վառ սիրուդ`զէտ աշնան ղազէլ կու դողայ.Արտսունք ի յերեսս ի վէր`զէտ գարնան անձրեւ կու ցօղայ.Հոգիս ի յիսնէ ելաւ, մէկ մի քո ծոցոյդ ճար արա.Ծոցիկս է ծոցիդ սովոր, այլ ընդ ո՞ր երթայ, մեկ ասա´:
21.Պաղչայ մի տընկեր եմ ես, թ’ի՞նչ աղէկ մորճեր կայի ի ներս.Սընուցի ւ’ի հասք բերի, խըլեցին զայն, ու կուլամ ես.Զէտ մանկակորուստ կաքաւ`ի լեռներեն ի շուրջ կուգամ ես.Լըսեր եմ` ակնա´տ ունիս, բեր լարէ´, գամ ընկնիմ ի ներս:
22.Երթա´մ, չի կենա´մ ի հոս, ուր երթամ, հոն ա´լ չի կենամ.Երթամ քանց Հոռոմն ի վար, վըտարի´մ, այլ իսկի չի գամ.Թէ գան զիմ տեղըն ասեն, նայ, հեռու եմ, ա´յլ հեռանամ.Թէ գան ու զքո տեղն ասեն, նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ:
23.Ե´ւ, ե´կ դու ի քո տանէն, զինչ ելնէ արեւն ի մօրէն,Ծագէ լոյս ի քո ծոցէդ, զինչ գարնան կայծակն ի յամխէն.Շատ երէց ու աբեղայ իջուցեր քո սէրն ի բեմէն.զիս այլ սիրու տէր արիր, ու հանիր իմ հօրն ի տանէն:
24.Դեղնել եմ խընկիդ նըման, գունատել եմ զէտ ըզզաֆրան.Չի գիտեմ` քո սէ՞րդ արել. թէ՞ եկել է օրս ի մահուան:Ասցին, թէ դու դեղ ունիս, տուր ինձի, որ կենդանամ.Թէ չէ` կու մեռնիմ, գընամ, գան ասեն քեզ մարդասպան:
25.իտես, որ դուն պարծեցար, թէ` «Ճերմա´կ ծոցըս քեզ ծառայ»,Յետև փոշման եղար. խըրատն ո՞վ երետ` մեկ ասա:Ինձ խիփն ու ղուսայ կու գայ`քո ծոցուդ ա´յլ մարդ տիրանայ,Պագնէ զիմ պագած տեղիքն, լուկ դընէ զերեսն ի վերայ:
26.Թուխ աչք եւ ունքեր ունիս, լայն ճակատ ու կարմիր երես.Այդ ճերմակդ որ դուն ունիս, ըզշամամ ծըծերդ որ ի ներս,Մեռնիս, այլ անդին երթաս, զայդ ճերմակ ծոցիկդ ի՞նչ անես,Զամէնըն որդե´րն ուտեն, – դու է՞ր զիս մահրում կու պահես:
27.Ելայ, ես ի քեզ եկի, քեզ յիսնէ կարօտ գիտէի.ալըս քեզ դիժար թըվաց,- ես ի յիմ միտքս անդիճեցի:Մի´ լար, մի´ տըրտում կենար. մի´ հաշվիլ զօրըս քեզ տարի.Ան ոտքն որ ի հոս իբեր, նա կարէ, որ ա´յլվայ տանի:
28.Քնաի~ ու քանի~ ասեմ. «Զիմ եարին կապան կարեցէք.Արեւն իւր երե´սք արէք, զլուսընկան աստառ ձեւեցեք.Թուխ ամպն այլ բամպակ արէք ւ’ի ծաւեն դերձան քաշեցէք.Աստղերն այլ կոճակ արէք, զիս ի ներս ողկիկ շարեցէք»:
29.Բանիկ մի ղալատ արի, որ զօձո´ւն ձագըն սիրեցի.Խիստ վըստահութիւն արի, որ օձուն դո´րըն գընացի.Ձագուն մայրն ի դուրս երեկ, զիս խայթեց, և նըստայ լացի:Արժա´ն եմ ես այս լացիս,- ո՞վ եղեր օձուն սիրելի:
30.Զաշխարհս ես ի ժուռ եկի, ա´յ հոգեկ, որ այլ չի մընաց.Ասցի, թէ գըտնում հանց եար, ա´յ հոգեկ, որ այլ չէ սիրած:Եկի հանց եարի մ’առի, որ սիրած է’վ այլւ’ի թողած.Զի՞նչ շահ է իմ շատ դատիլս, երբ այլոց ի ծոց ես պառկած:
31.Այ իմ մարգարտէ շարոց, որ յոտից մատանց հուր ու բոց.Կըրակն ըզքո մարն երէ, որ տարաւ, երետ զքեզ այլոց.Դատ ու դատաստան պիտէր ի Հռոմանց տունըն ւ’ի Հայոց,Երթի, դատաստան կանգնի, չըթողի զքեզ այլ մարդու ծոց
32.Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապոյտ շապիկ հագընի.Կոճակն այլ արձակ թողու, ով տեսնու` սըրտիկն արունի.Երթամ աղաչեմ զաստուած, լեղակին հունտըն հատանի.Ո’չ նա այլ կապոյտ հագնի, ո’չ մանկան սիրտըն արունի:
Գրականություն, 9-րդ դասարան, 7.10.2021
- Ամփոփում ենք «Ընթերցում ենք Ստեփան Զորյան» նախագիծը՝ վերհիշելով և քննարկելով «Տխուր մարդիկ» շարքի հերոսներին, նրանց կյանքն ու նկարագիրը:
- Ծանոթանում ենք հոկտեմբերյան նախագծերին:
Թարգմանչաց տոնին ընդառաջ
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի մասնագիտական գրականությունը:
- Ի՞նչ դեր ու հնարավորություններ ունեն օնլայն քարտարանները: Սովորում ենք օգտվել դրանցից:
- Օգտակար հոդված. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԴԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ինչո՞ւ թարգմանել մասնագիտական գրականությունը:
- Մասնագիտական գրականության թարգմանության օրինակ
- Ամփոփում ենք «Ընթերցում ենք Ստեփան Զորյան» նախագիծը՝ վերհիշելով և քննարկելով «Տխուր մարդիկ» շարքի հերոսներին, նրանց կյանքն ու նկարագիրը:
- Ծանոթանում ենք հոկտեմբերյան նախագծերին:
Թարգմանչաց տոնին ընդառաջ
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի մասնագիտական գրականությունը:
- Ի՞նչ դեր ու հնարավորություններ ունեն օնլայն քարտարանները: Սովորում ենք օգտվել դրանցից:
- Օգտակար հոդված. ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԴԱԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ինչո՞ւ թարգմանել մասնագիտական գրականությունը:
- Մասնագիտական գրականության թարգմանության օրինակ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:i
Վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն` տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա: Վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն:
Վարչական իրավախախտումների գործերի վարույթը իրականացվում է իրավախախտման վերաբերյալ գործի քննության ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:
Վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Սույն օրենսգրքով նախատեսված իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն առաջանում է, եթե այդ խախտումները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենսդրությանը համապատասխան: