«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը, որը գենետիկորեն փոփոխվել է այնպես, որ չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Այն մշակվել է Օքսֆորդի համալսարանում։
«Սպուտնիկ V-ի» պատվաստանյութը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության՝ Գամալեայի անվան Համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Ինչպես և «ԱստրաԶենեկան», «Սպուտնիկ V-ի» վեկտորի հիմքում ևս ադենովիրուսն է, սակայն այս դեպքում կիրառվել է մարդու ադենովիրուս: Թեև «Սպուտնիկ V-ն» գրանցվել է մոտավորապես 60 երկրներում, սակայն դեռևս պետք է հավանություն ստանա EMA-ի կողմից՝ Եվրոպա ներմուծման և օգտագործման համար:
Եվ այսպես, չինական «Կորոնավակ» պատվաստանյութը մշակել է Պեկինում գտնվող «Սինովակ» կենսադեղագործական ընկերությունը: «Կորոնավակը» գործում է սպանված վիրուսային մասնիկների` մարմնի իմունային համակարգն այդ վիրուսի հետ ծանոթացնելու և հակամարմիններ ստեղծելու միջոցով: Այն չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ: Պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատվել է COVID-19-ի դեմ կիրառելու համար:
«Մոդեռնա» պատվաստանյութը ցուցված է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման համար 18 տարեկան և բարձր տարիքի անձանց ակտիվ իմունականխարգելման համար: «Մոդեռնա» պատվաստանյութի ընդհանուր արդյունավետությունը 94.1% է: 18-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ անկախ սեռից, էթնիկ պատկանելիությունից, պատվաստանյութը ապահովում է բարձր արդյունավետություն։