Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը․ որոշում է մկանների կծկումների հաջորդականությունը, շնչառության և սրտի գործառույթների ուժգնությունը, վերահսկում և շտկում օրգանիզմի գործունեությունը։ Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Եվ վերջապես, նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։
Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։ Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Վերջիններից են կարճ ելուստները, որոնք կոչվում են դենդրիտներ, իսկ երկար նյարդաթելը՝ աքսոն, որն ավարտվում է նախասինապսային ելուստով։ Նշված տարրերից յուրաքանչյուրը կատարում է որոշակի ֆունկցիա։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։ Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։
Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ Մարդու նյարդաթելերի ընդհանուր գումարային երկարությունը 1 միլիարդ մետր է, որը հավասար է Երկրից մինչև Լուսին, ապա նորից հետ՝ Երկիր ընկած տարածությանը։ Նյարդաթելերի խրձերն առաջացնում են նյարդեր, որոնք պատված են ընդհանուր թաղանթով։ Ըստ գործառական բնույթի նյարդերը լինում են զգացող, շարժիչ և խառը։ Զգացող նյարդերը նյարդային ազդակները հաղորդում են կենտրոնական նյարդային համակարգ։ Շարժիչ նյարդերը կենտրոնական նյարդային համակարգից պատասխան ազդակները հաղորդում են ծայրամասային օրգաններին։ Խառը նյարդերը պարունակում են զգացող և շարժիչ նյարդաթելեր։