Էվոլյուցիայի ընթացքում մարդու օրգանիզմում ձևավորվել են հատուկ օրգաններ՝ գեղձեր, որոնցում առաջանում են կենսաբանական ակտիվ նյութեր և ազդում օրգանների կենսագործունեության վրա։ Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են օրգանների խոռոչների միջև կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանք սպիտակուցային,ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Արյան հունով տարածվում են ամբողջ օրգանիզմում և ուրույն ազդեցություն ունենում որևէ գործընթացի վրա՝ փոփոխվում են օքսիդացման գործընթացների ակտիվությունը, բջջաթաղանթների թափանցելիությունը, սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի սինթեզը, դրդում կամ արգելակում օրգանների աշխատանքը,բջիջների ու հյուսվածքների ձևավորումը, օրգանիզմի աճը, զարգացումը և այլն։
Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։ Վերջին երկու գեղձերը կոչվում են խառը, քանի որ օժտված են ներզատական և արտազատական ֆունկցիաներով։ Ներզատական գեղձերից բացի հորմոններ են ներզատում նաև ստամոքս-աղիքային համակարգը, կենտրոնական նյարդային համակարգը, որոշ օրգաններ ու հյուսվածքներ։ Հաճախ նրանց միավորում են սփռուն ներզատական համակարգի մեջ։