Posted in MSKH, Նախագիծ, Կենսաբանություն, Uncategorized

Ձկներ

Թեփուկները պատված են վերնամաշկի բազմաթիվ գեղձերով, որոնցում արտադրված լորձը թուլացնում է ջրի հետ շփման ուժը և մաշկը պաշտպանում է մանրէներից։ Յուրաքանչյուր թեփուկ առջևի ծայրով խրված է մաշկի մեջ, իսկ հետևի մասով նստած է հաջորդ թեփուկի վրա։ Թեփուկները ձկների աճին զուգընթաց մեծանում են։ Թեփուկներով կարելի է որոշել ձկների տարիքը։

Ձկների վերջույթները լողակներն են։ Կրծքային և փորային զույգ լողակները կատարում են ջրում մարմնի դիրքի պահպանման, դանդաղ տեղաշարժման, կանգառի, շրջադարձ կատարելու և հավասարակշռության դեր, մասնավորապես՝ ջրի խոր շերտեր իջնելու և բարձրանալու ֆունկցիա։ Մեջքի և ենթապոչային (հետանցքի) կենտ լողակները կատարում են ղեկի և տեղաշարժման ֆունկցիա։ Ձկների գլխի վրա գտնվում են երկու աչքերը, որոնք չունեն կոպեր, իսկ աչքերի առջևում՝ քթանցքները։

Ձկներն ունեն հովանավորող գունավորում՝ մեջքի կողմը մուգ է, որը ջրի հատակի ֆոնի վրա նրանց դարձնում է աննկատ։

Նիարդային համակարգ

Ձկների նյարդային համակարգը կազմված է գլխուղեղիցողնուղեղից և դրանցից դուրս եկող նյարդերից։ Գլխուղեղը տեղավորված է գանգատուփում։ Նրանում տարբերում են հինգ բաժին՝ առջևի ուղեղ, որից դուրս են գալիս հոտառական նյարդերը, միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս աչքը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության), և ուղեղիկ, որը հավասարակշռության և շարժումների կարգավորման դեր է կատարում։

Երկարավուն ուղեղի շարունակությունը կազմում է ողնուղեղը, որը տեղավորված է ողնաշարային խողովակում։ Գլխուղեղը և ողնուղեղը բազմաթիվ նյարդերով կապված են ձկների մարմնի տարբեր օրգանների հետ։

Ձկներին հատկում են ոչ պայմանական (բնածին) և պայմանական (ձեռքբերովի) ռեֆլեքսները։

Ձկների նյարդային համակարգի ֆունկցիան լրացնում է կողագիծը։ Կողագիծը մաշկում գտնվող խողովակ է, որն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է թեփուկների հատուկ անցքերով։

Խողովակների ներսում գտնվում են զգայուն բջիջներ, որոնք ընկալում են ջրի տատանումները։ Այդ բջիջներում առաջացած գրգիռները նյարդերով հաղորդվում են գլխուղեղ։ Կողագծի միջոցով ձկներն ընկալում են ջրի տատանումները, հոսանքի ուժը և ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները, խուսափում թշնամիներից և ստորջրյա առարկաներին բախվելուց։ Կողագիծը խավար ջրերում ձկների կողմնորոշման, տարածության մեջ մարմնի դիրքը զգալու համար ավելի մեծ նշանակություն ունի, քան աչքերը և այլ զգայարանները։ Ձկներն ունակ են ընկալել ձայնային ազդանշանները, էլեկտրական դաշտի փոփոխությունները, ինչպես նաև արձակել ձայներ։ Նրանք միջավայրում կողմնորոշվում են տեսողության, լսողության, հոտառության, կողագծի և շոշափելիքի զգայարաններով։

Ձկների ճաշակելիքի օրգանները տեղավորված են բերանի խոռոչում և մարմնի տարբեր մասերում՝ մաշկի արտաքին շերտի վրա։ Մաշկում են գտնվում նաև շոշափելիքի բջիջները։ Որոշ ձկներ ունեն նաև բեղիկներ։ Տեսողական զգայարաններն աչքերն են, իսկ լսողական ընկալիչը կազմված է միայն ներքին ականջից և գտնվում է գանգում։ Ձկներն ականջախեցի և լսողական ուղի չունեն։