Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը

Պաուլո Կոելիո «Սուրբծննդյան հեքիաթ

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
— Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
— Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ: Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին:

Posted in Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը, Uncategorized

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով`համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական  ձև է, և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական  դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի, սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը:
Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, ընտրություն չուներ, բայց և այնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին, և հաշվի չառնելով Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նորօրյա հագուստ, թանկարժեք խաղալիք, քաղցրավենիք և հեծանիվ:
Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր, ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը, ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցրին, թե ինչու է այդքան աղքատ և ասացին, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող նման ընկերոջից:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ` փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների հետ տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են:
Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը:
Թեև Խոսեն երբեք քնքշանք չէր տեսել, գիտեր միայն  տառապանքի գինը, չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշվեն քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա  մի ոտքի  սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, նրա մոտ  էին տարբեր  խաղալիքներ, հեծանիվներ ու հագուստ: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը
տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:
Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց  Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր`  երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է  ուշադրություն պահանջում իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը, Uncategorized

Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր-ԿԳՄՍ քննարկումներն արդյունք չեն տվել -  Հանրային հեռուստաընկերություն լուրեր
Петиция · "Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր՝ ՊՈԱԿ-ից Հիմնադրամ դառնալու  օրինական պահանջ · Change.org

Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։

Սեբաստացի լինել նշանակում է  ստեղծել և իրականություն դարձնել անհնարինը, ճանաչել հայրենիքը,շատ ճամփորթել․․․Ես անցյալ տրվանից եմ հաճախում այս դպրոց բայց արդեն հասցրել եմ շատ սիրել այն ու ձեռք բերել շատ ընկերներ։ Մենք սկսում ենք մեր օրը ընդհանուր պարապմունքով։Միշտ նշում ենք տարբեր ծիսակարգեր և տոներ։

Ինչպե՞ս դարձա սեբաստացի:

Ինձ այստեղ բերեցին իմ ծնողները և անցնելով մուտքի ճամբար ես ընդունվեցի կրթահամալիր։ Ես մինչ օրս շնոհակալ եմիմ ծնողներին, որ ընտրեցին այս դպրոցը։

Ե՞րբ է առաջին անգամ նշվել Հարիսայի տոնը, և ինչու՞ Հարիսայի:

1930-ական թվականներին, երբ Սիրիայում, Լիբանանում բնակվող մուսալեռցիներին հնարավորություն տրվեց վերադառնալ Հայաստան, նրանք նոր Մուսալեռը կառուցեցին Խորհրդային Հայաստանում` Արարատյան դաշտում՝ իրենց հետ հայրենիք բերելով նաև հարիսայի ավանդույթը: Հարիսայի հետ կապված կա ավանդություն. երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և ձավարը էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

Հարիսա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը

images

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

«Մի՛ վախեցիր կորցնելուց. ոչ մի լավ բան երբեք չի կորչում»
Նոբելյան մրցանակակիր Ջոն Սթեյնբեքը միգուցե ավելի շատ հայտնի է որպես «Էդեմից Արևելք», «Ցասման ողկույզները» և «Մկների ու մարդկանց մասին» վեպերի հեղինակ, բայց նա աչքի է ընկել նաև իր հարուստ նամակագրությամբ:«Սթեյնբեք. կյանքը նամակներում» գրքի մեջ ներկայացված է հեղինակավոր գրողի ոչ սովորական կենսագրությունը: Այստեղ գրողի մտախոհ, սրամիտ, անկեղծ, խոցելի և մերկացնող 850 նամակներն ուղղված են ընտանիքին, ընկերներին, իր խմբագրին և ինչ-որ չափով հայտնի և ազդեցիկ հասարակական գործիչներին:    Նամակագրությունների մեջ առանձնանում է  1985 թվականին ավագ որդուն՝ Թոմին, գրված հետևյալ գեղեցիկ պատասխան նամակը, որտեղ պատանին խոստովանում է, որ գիշերօթիկ դպրոց հաճախելու տարիներին անհույս սիրահարվել է Սյուզան անունով մի աղջկա:    Սթեյնբեքի զգայուն, լավատեսական, հավիտենական, անսահման խորաթափանց  և իմաստուն խոսքերը դրոշմվում են յուրաքանչյուր մարդու սրտում և մտքում:Նյու Յորք    Նոյեմբերի 10, 1958 թվական    Թանկագին Թոմ    Այսօր առավոտյան ստացանք նամակդ: Ահա և իմ պատասխան նամակը:    Նախ և առաջ սիրահարվելը շատ լավ բան է, դա լավագույն բանն է, որ կարող է պատահել մարդու հետ: Թույլ չտաս որևէ մեկին այն աննշան ու անարժեք դարձնել:    Կան սիրո մի քանի տեսակներ. դրանցից մեկը եսասիրական, անազնիվ, ժլատ, ինքնասիրահարված մի զգացմունք է, որն օգտագործում է սերը մեծամտանալու համար: Դա սիրո տգեղ և խեղաթյուրված տեսակն է: Մյուս տեսակն օգնում է ներսումդ եղած ամենալավ բաները դուրս հանել՝ և՛ բարությունը, և՛ ուշադրությունը, և՛ հարգանքը: Դա ոչ միայն հասարակության հանդեպ հարգանքն է, որը դրսևորվում է  պահվածքի ու վարվելակերպի միջոցով, այլև կա ավելի մեծ հարգանք, որը մեկ այլ անձի՝ որպես եզակի և արժեքավոր մեկի ընդունումն է: Առաջին տեսակը հիվանդ, փոքր և թույլ կդարձնի քեզ, իսկ երկրորդը կարող է ուժ, քաջություն և բարություն հաղորդել ու նույնիսկ իմաստնություն, որի մասին նույնիսկ չես իմացել:    Դու ասում ես, որ քո սերը դատարկ չէ: Եթե  զգացմունքը խորն է, վստահաբար այն դատարկ չէ:    Ես չեմ կարծում, որ դու ինձ գրել ես հարցնելու համար, թե ինչ ես զգում, երբ սիրում ես: Դու ավելի լավ գիտես, քան որևէ մեկը: Բայց ես կփորձեմ իմ խորհուրդներով օգնել քեզ և ահա թե ինչ կասեմ:    Վայելիր սերը և ուրախ ու շնորհակալ եղիր դրա համար:    Սիրո նպատակը ամենալավ ու ամենագեղեցիկ բանն է: Փորձիր ապրել դրանով:    Եթե սիրում ես մեկին, կարող ես ասել նրան այդ մասին. միայն պետք է հիշես, որ որոշ մարդիկ շատ ամաչկոտ են, և երբեմն պետք է այդ ամաչկոտությունը հաշվի առնել:    Աղջիկները զգում ու հասկանում են, թե դու ինչ ես զգում, բայց նրանք սովորաբար սիրում են նաև լսել այդ մասին:    Երբեմն պատահում է, որ զգացմունքդ այս կամ այն պատճառով փոխադարձ չի լինում, բայց այն քո զգացմունքը պակաս արժեքավոր կամ պակաս լավը չի դարձնում:    Ես գիտեմ, թե ինչ ես դու զգում, քանի որ ես նույնպես սիրում եմ և ուրախ եմ, որ դու ևս սիրում ես:   Մենք ուրախ կլինենք հանդիպել Սյուզանին  :Էլենը(Ջոն Սթեյնբեքի կինը — Ա.Հ.) մեծ ուրախությամբ կկազմակերպի այդ հանդիպումը: Նա նույնպես շատ բան գիտի սիրո մասին և գուցե իր խորհուրդներով ավելի շատ օգնի քեզ, քան ես:    Մի վախեցիր կորցնելուց: Եթե այն ճիշտ է, ապա կիրականանա: Գլխավորը չշտապելն է: Ոչ մի լավ բան երբեք չի կորչում:Սիրով՝Հայրիկ

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Հարի Բրաունի նամակը դստերը

Շուտով  Ծննդյան  տոներն  են,  և  ես  նորից  չգիտեմ`  ինչ  նվիրել  քեզ:  Ես  գիտեմ,  որ  դու  սիրում  ես  գրքեր,  խաղեր  ու  շորեր:  Բայց  ես  ուզում  եմ  քեզ  նվիրել  մի  բան,  որը  քեզ  հետ  կլինի  ընդմիշտ:  Այնպիսի  մի  բան,  որը  քեզ  ամեն  Ծննդյան  տոներին  կհիշեցնի  իմ  մասին:  Եվ  ես,  կարծես,  գիտեմ,  թե  ինչ  կարող  եմ  քեզ  տալ:  Մի  պարզ  ճշմարտություն,  որի  մասին  ես  միանգամից  չեմ  իմացել:  Եթե  դա  դու  հիմա  հասկանաս,  այն  քո  կյանքն  ավելի  լավը  կդարձնի:  Դու  ավելի  պաշտպանված  կլինես  խնդիրներից:  Ես  քեզ  նվիրում  եմ  մի  պարզ  ճշմարտություն:

Ոչոքպարտավորչէինչորբանանելքեզհամար:

Ինչ  է  դա  նշանակո՞ւմ:  Ինչպե՞ս  կարող  է  այդ  պարզ  ճշմարտությունն  այդքան  կարևոր  լինել:  Հնարավոր  է,  հիմա  այս  ամենը  քեզ  կարևոր  չի  թվում,  բայց  այս  սկզբունքը  կփրկի  քո  կյանքը:  Ոչ  ոք  չի  ապրում  քեզ  համար,  իմ  սիրելի  բալիկ,  որովհետև,  դու  դու  ես,  և  ուրիշ  ոչ  ոք:  Ամեն  մեկն  ապրում  է  իր  համար,  իր  երջանկության  համար:  Եվ  ինչքան  շուտ  դա  հասկանաս,  այնքան  արագ  կազատվես  սպասումից,  որ  ինչ-որ  մեկը  քեզ  կարող  է  երջանիկ  դարձնել:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  քեզ  սիրել:

Եթեինչորմեկըքեզսիրումէ,  ուրեմն`  դույուրահատուկես,  դունրանդարձնումեսերջանիկ:

Փորձիր  հասկանալ,  թե  այդ  ո՞ր  յուրահատկության  համար  են  քեզ  սիրում  և  ջանքեր  գործադրիր,  որ  սիրեն  ավելի  շատ:  Եվ  եթե  մարդիկ  քեզ  համար  ինչ-որ  բան  են  անում`  միայն  այն  պատճառով,  որ  ուզում  են:  Ուրեմն,  դու  ինչ-որ  մի  պատճառով  թանկ  ես  նրանց  համար:  Բայց  ոչ  այն  պատճառով,  որ  ինչ-որ  մեկը  պարտավոր  է  քեզ  ինչ-որ  բան:  Դա  նշանակում  է,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  հարգել  քեզ:  Որոշ  մարդիկ  բարի  էլ  չեն  լինի:  Բայց  հենց  դու  հասկանաս,  որ  մարդիկ  պարտավոր  չեն  լինել  բարի,  կսովորես  խուսափել  մարդկանցից,  որոնք  քեզ  ցավ  են  պատճառում:  Այո,  դու  էլ  քո  հերթին  ոչ  ոքի  համար  ոչինչ  անել  պարտավոր  չես:  Եվ  նորից.  Ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Դուավելիլավըպետքէդառնասմիայնքեզհամար:

Այդ  դեպքում  ուրիշներն  էլ  կձգվեն  դեպի  քեզ,  կցանկանան  աջակցել  քեզ,  կիսվել  քեզ  հետ:  Եթե  ինչ-որ  մեկը  չի  ցանկանա  քեզ  հետ  լինել,  խնդիրը  դու  չես  լինի:  Եթե  դա  տեղի  ունենա,  ուրեմն  փնտրիր  ուրիշ  հարաբերություններ,  որոնք  դու  ես  ուզում:  Թող  ուրիշի  խնդիրը  քո  խնդիրը  չդառնա:  Երբ  դու  հասկանաս,  որ  շրջապատի  սիրուն  ու  հարգանքին  պետք  է  արժանանալ,  երբեք  անհնարինը  չես  սպասի  ու  չես  հիասթափվի:  Ուրիշները  չպետք  է  կիսվեն  քեզ  հետ  իրենց  զգացմունքներով,  մտքերով:  Բայց  եթե  դա  անում  են,  ուրեմն  դու  արժանի  ես  դրան:  Դու  կարող  ես  հպարտանալ  քո  ունեցած  սիրով,  ընկերների  հարգանքով,  բայց  մի  մտածիր,  որ  այդպես  էլ  պետք  է  լինի,  այդպես  կարող  ես  շատ  հեշտ  կորցնել  ձեռք  բերածդ:  Նրանք  քեզ  օրենքով  չեն  պատկանում,  այդ  ամենին  պետք  է  արժանանալ:

Իմ  ուսերից  կարծես  քար  ընկավ,  երբ  հասկացա,  որ  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինձ  համար  ինչ-որ  բան  անել:  Մինչև  այն  պահը,  երբ  չգիտեի  դա,  ես  չափազանց  շատ  ջանքեր  էի  գործադրում,  երբ  չէի  հասնում  իմ  ուզածին:

Ոչոքպարտավորչէինձհենցայնպեսհարգել,  ընկերությունանելինձհետ,  սիրել,  ապահովելիմզարգացումը:

Արդյունքում,  իմ  հարաբերությունները  միայն  շահեցին,  ես  սովորեցի  լինել  մարդկանց  հետ,  որոնց  հետ  ուզում  եմ  լինել,  և  անել  այն  ամենը,  ինչ  ուզում  եմ:  Այդ  ընկալումն  ինձ  տվեց  ընկերներ,  գործընկերներ,  սիրելիներ,  պոտենցիալ  հաճախորդներ:  Այն  ինձ  միշտ  հիշեցնում  է,  որ  իմ  ուզածը  ստանալ  կարող  եմ,  եթե  հաջողվի  ուրիշ  մարդու  համար  լսելի  դառնալ:  Ես  պետք  է  հասկանամ,  թե  ինչ  է  նա  զգում,  ինչն  է  նրա  համար  կարևոր,  ինչ  է  նա  ուզում:  Միայն  այդ  դեպքում  ես  կհասկանամ`  ուզո՞ւմ  եմ  այդ  մարդու  հետ  կապ  ունենալ,  թե՞  ոչ:  Դժվար  է  երկու  բառով  բացատրել,  թե  ինչ  եմ  սովորել  այս  տարիների  ընթացքում:  Բայց  գուցե  ամեն  Տոնին  դու  կարդաս  այս  նամակը  ու  ամեն  անգամ  ավելի  ու  ավելի  շատ  բան  հասկանաս:  Հուսով  եմ,  այդպես  էլ  կլինի,  որովհետև  պետք  է,  որքան  հնարավոր  է,  շուտ  հասկանալ.  ոչ  ոք  պարտավոր  չէ  ինչ-որ  բան  անել  քեզ  համար:

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Սպիտակ ջրաշուշանը (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով․  կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։


Ցերեկները  երկար  ժամանակ  Արևը  փայլում  էր  և  ժպտում  կարմրամորթների  դեմքերին,  անձրև  թափվում  էր  միայն  այն  ժամանակ,  երբ  պետք  էր  լինում  թարմացնել  ձորերի,  գետերի,  լճերի  ջրերը  և  զովացնել  ծառերն  ու  ծաղիկները:
Բայց  տեսեք,  թե  հետո  ինչ  պատահեց․
Աստղերը,  որ  փայլում  էին  ճամբարի  վերևում,  լսեցին  հնդիկների  մասին  և  որովհետև  նրանց  լույսը  շատ  էր  աղոտ  ու  երկիր  չէր  հասնում,  խնդրեցին  իրենց  առաջնորդին՝  Լուսնին,  որ  թույլ  տա  իրենց  իջնել  և  գյուղ  գնալ։

Գիշերային  երկնքի  առաջնորդին՝  Լուսինին,  դուր  չէր  գալիս,  որ  իր  մարդիկ՝  աստղերը,  թափառում  են  ամբողջ  գիշեր  և  վաղ  առավոտյան  անկողին  մտնում,  ինչպես  Առավոտյան  աստղը։  Երբ  այդպիսի  դեպք  էր  պատահում,  նա  ընդհարվում  էր  Արևի  հետ։  Բայց  այդ  գիշեր  նա  արտակարգ  լավ  տրամադրության  մեջ  էր  և  չմերժեց  նրանց  խնդրանքը։  Աստղերն  աշխույժ  ծիծաղելով  և  շատախոսելով  սկսեցին  պատրաստվել  ճամփորդելու  և  ուշք  չդարձրին  այն  խելացի  խորհուրդներին,  որ  Լուսինը  տվեց  իրենց։

―  Դուք  կարող  եք  գնալ  ուր  ուզում  եք,  բայց  զգուշացեք,  որ  հանկարծ  չիջնեք  գետնին։  Եթե  իջնեք  գետին,  դուք  այնտեղ  կմնաք  և  հաջորդ  օրը  Արևը  ձեզ  կայրի,  կսպանի,  որովհետև  նրա  ճառագայթները  ճակատագրական  են  մեզ  համար։

Աստղերը  գնացին։  Նրանց  բախտից  այդ  գիշեր  Լուսինը  կլոր  էր,  այլապես  կկորցնեին  ճանապարհը։  Վերջապես  հասան  հնդիկների  ճամբարը  և  սկսեցին  բոլոր  կողմերից  դիտել։  Հնդիկները  քնած  էին,  միայն  մի  փոքր  տղա,  որ  ապրում  էր  ճամբարի  ծայրին,  դեռ  արթուն  էր։  Տարօրինակ  շշնջոցներ  լսելով,  նա  լարեց  ուշադրությունը  և  իր  վրանի  տանիքի  լուսամուտից  դուրս  նայեց։  Մի  պահ  նրա  սիրտը  կանգ  առավ  տեսածից․  Ինչքա՜ն  շատ  աստղեր  կան  և  ինչքա՜ն  մոտիկ։  Նա  իսկույն  մագլցեց  վեր,  դեպի  վրանի  ծայրը  և  սյունը  շարժեց,  որ  լավ  տեսնի։  Սյունը  դեմ  առավ  ինչ  որ  բանի  և  շրը՜մփ,  վայր  ընկավ։  Աստղը  ցածրից  էր  անցնում,  ուղիղ  վրանի  վրայից,  այդ  պատճառով  ընկավ  գետին  և  իսկույն  դարձավ  մի  գեղեցիկ,  ողբացող  աղջիկ։

―  Տես,  թե  ի՜նչ  արիր,―  հանդիմանեց  նա  տղային,―  ես  այլևս  չեմ  կարող  իմ  քույրերի  հետ  վերադառնալ  և  հենց  որ  լույսը  բացվի,  Արևի  ճառագայթները  կգտնեն  ինձ,  և  ես  կմեռնեմ։

Տղան  ապշահար  նայում  էր  նրան։  Այդ  ընթացքում  աստղերն  արդեն  հասկացել  էին,  թե  ինչ  է  տեղի  ունեցել  և  խուճապահար  ետ  էին  թռչում,  գիտակցելով,  որ  անկարող  են  օգնել  իրենց  տարաբախտ  քրոջը։

Արցունքները  առատորեն  հոսում  էին  սիրուն  աղջկա  աչքերից։  Տղան  խղճահարվեց։

―  Ես  քեզ  կօգնեմ,―  ասաց  նա,―  ցերեկը,  երբ  Արևը  դուրս  գա,  ես  քեզ  կթաքցնեմ  իմ  վրանում  և  նա  չի  կարողանա  քեզ    գտնել։  Բայց  հետո՞  ինչ  կանենք։

―  Եթե  ես  կարողանամ  իմ  գոյությունը  պահպանել  ցերեկը,  երեկոյան  կդառնամ  ծաղիկ  և  կգնամ  կապրեմ  մի  բարձր  ժայռի  կատարին,  որտեղից  կկարողանամ  նայել  ձեր  ժողովրդին,  որովհետև  ինձ  դուր  է  եկել  ձեր  կյանքը։

Նրանք  վարվեցին  այնպես,  ինչպես  որոշել  էին։  Տղան  ամբողջ  օրը  տանը  մնաց  և  ջանք  չխնայեց,  որ  ամենաթույլ  և  ամենահետաքրքրասեր  ճառագայթն  անգամ  հանկարծ  չթափանցի  վրանի  ներսը։  Հենց  որ  օրը  վերջացավ,  աղջիկն  իսկույն  թռավ  ծխնելույզի  օդանցքից  և  շտապեց  տեղ  գտնել  բարձր  ժայռի  վրա,  և  նրա  կատարին  հաջորդ  օրն  անմիջապես  մի  գեղեցիկ  սպիտակ  վարդ  բուսնեց։

Բոլոր  հնդիկները  հիանում  էին,  երբ  տեսնում  էին  գեղեցիկ  ծաղիկը,  միայն  տղային  էր  հայտնի,  որ  դա  այն  փոքրիկ  աստղն  է,  որին  նա  պահեց  իր  վրանում  և  պահպանեց  Արևի  սպանիչ  ճառագայթներից։

Շուտով  աղջիկը  ձանձրացավ  մենակությունից:  Թեև  նա  գյուղին  նայում  էր  հեռվից  և  տեսնում  ճամբարի  կյանքը,  բայց  ոչ  ոք  չէր  կարող  մագլցել  ժայռը  և  զրուցել  նրա  հետ։  Երբեմն-երբեմն  նրան  ընկերակցում  էին  այն  թռչունները,  որոնց  բույնը  այդ  կողմերում  էր։

Այսպես,  նրա  մոտ  զրուցելու  եկավ  մի  փոքրիկ  ցախսարեկ։

―  Ես  այնպես  մենակ  եմ  այստեղ,―  գանգատվեց  սպիտակ  վարդը,―  կարոտ  եմ  մարդկային  ընկերակցության։  Եթե  կարողանայի  պրերիայում  ապրել,  շատ  լավ  կլիներ։

―  Եթե  այդ  է  ցանկությունդ,  ես  կարող  եմ  օգնել,―  պատասխանեց  փոքրիկ  թռչնակը,―  միայն  մի  փոքր  թեքիր  գլուխդ,  որ  քեզ  կտուցովս  վերցնեմ։

Վարդը  հնազանդ  թեքեց  գլուխը.  ցախսարեկը  կտուցով  վերցրեց  նրան  և  դեպի  պրերիա  թռավ։

Պրերիայում  կյանքն  ավելի  ուրախ  էր։  Հնդիկները,  ինչպես  և  զանազան  կենդանիներ,  այցելում  էին  սպիտակ  վարդին։  Բայց  մի  օր  հանկարծ  առավոտյան  վաղ  սարսափելի  ձայներ  լսվեցին։

―  Շտապե՜ք,  շտապե՜ք,―  գոռում  էին  այս  ու  այն  կողմից,―  պետք  է  թաքնվել,  գոմեշի  նախիրն  է  գալիս։

Բոլորը  վազեցին  և  թաքնվեցին՝  ով  որտեղ  կարող  էր։  Շուտով  հորիզոնում  փոշու  հսկայական  ամպ  հայտնվեց,  որը  աստիճանաբար  ավելի  ու  ավելի  մոտեցավ։  Սպիտակ  վարդը  ահաբեկված  գլուխը  թաքցրեց  տերևների  մեջ,  որոնք  սարսափից  լայնացել  էին։  Նախիրն  անցավ  մրրիկի  պես։  Հազարավոր  սմբակներ  այնպիսի  աղմուկ  էին  բարձրացրել,  որ  կարծես  ամպրոպ  ճայթեց։

Երբ  վերջապես  ամեն  ինչ  խաղաղվեց,  սպիտակ  վարդը  գաղտագողի  դուրս  նայեց  տերևների  արանքից։  Պրերիան  բոլորովին  ամայի  էր  դարձել,  և  կյանքի  նշույլ  անգամ  չկար։

―  Ես  չեմ  կարող  այստեղ  մնալ  և  այսքան  փորձություններ  տանել,―  ասաց  աստղն  ինքն  իրեն,―  ավելի  լավ  է՝  տեղափոխվեմ  լճի  վրա  և  այնտեղ  ապրեմ։

Նա  պոկվեց  գետնից  և  շատ  չանցած  ներքևում  երևաց  փայլող  լճի  մակերեսը։  Նա  ցած  իջավ  և  մակույկի  նման  հանդարտ  սահեց  լճի  վրայով։

Հաջորդ  օրը  վաղ  առավոտյան,  երբ  հնդիկները  անցնում  էին  լճի  մոտով,  զարմանքով  նկատեցին,  որ  ջրի  երեսին  սպիտակ  ծաղիկներ  կան։

―  Գիշերային  աստղերը  ծաղիկներ  են  թողել,―  ասացին  երեխաները,  բայց  խելահաս  մարդիկ  թափահարեցին  գլուխները  և  ասացին,  որ  դա  սպիտակ  աստղն  է  իջել  մեզ  մոտ։  Նրանք  ճիշտ  էին։

Այդ  օրվանից  աստղն  ապրում  է  լճի  վրա  սպիտակ  ջրաշուշանի  տեսքով,  և  հնդիկները    Սպիտակ  ծաղիկ  են  կոչում  նրան։

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Uncategorized

Հայրենիքիս, բանաստեղծությունների շարք

Այնպես անխինդ են և նըման լացին
Երգերն իմ երկրի, այնպես տխրագին.
Մեզ չի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին։

Այն մելամաղձիկ, լացող, միալար
Ելևէջները ներդաշնակ այնպես
Եվ հարազատ են սրտին մեր մոլար,
Հոգուն մեր բեկված, ավերված, հրկեզ…

Տեսնում եմ ահա գյուղերը մեր խեղճ,
Եվ թուխ դեմքերն այն տխրության սովոր.
Իմ ժողովուրդը անել վշտի մեջ,
Երկիին իմ անբախտ և աղետավոր։

Թող հնչե երգն այդ դառն ու ցավածին,
Երգը հայրենի ցավագար ու հին,
Մեզ շի հասկանա օտարերկրացին,
Մեզ չի հասկանա սառն օտարուհին… Վահան Տերյան

ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։

 Հովհաննես Շիրազ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ` ինչու՞ է այսպես:

Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ` ինչու՞ է այդպես:

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է.
Կլինե՛մ, կմնա՛մ այսպես: Համո Սահյան:

Posted in MSKH, Նախագիծ, Գրականություն, Իմ գրադարանը, Uncategorized

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  բաբախում  են,  որոնց  հարկ  չկա  մղել  ինչ-որ  բանի,  որոնց  պետք    չէ  ասել,  որ  ինչ-որ  բան  անեն,  որովհետև  գիտեն,  թե  ինչ    է  պետք    անել  և  հենց  այդպես  էլ  անում  են:  Մարդիկ,  որոնք  «մշակում  են»    են    իրենց  երազանքները,  այնքան,  մինչև  որ  այդ  երազանքները    տիրանում  են  իրենց  իսկ  իրականությանը:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  իրենց  քայլերով  իրենց  վրա  վերցնել  հանգամանքները,  մարդիկ,  որոնք    վտանգում  են  իրականն  ու  անիրականը  երազի  հետևից  գնալու  համար,  որոնք  իրենց  թույլ  են  տալիս  փախչել    խելամիտ  խորհուրդներից՝  լուծումները  թողնելով  Աստծո  ձեռքերում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդար  են  իրենց  շրջապատող  մարդկանց  ու  իրենք  իրենց  հետ,  մարդիկ,  որոնք  շնորհակալություն  են  հայտնում  նոր  օրվան,  իրենց  կյանքում  գոյություն  ունեցող  լավին,  որոնք  ամեն  ժամն  ապրում  են  լավ  տրամադրությամբ՝  տալով  իրենցից  ամենալավը,  որոնք  շնորհակալ  են  ողջ  լինելու  համար,  որ  կարող  են  ժպիտներ  նվիրել,  ձեռք  մեկնել  և  բարեհոգաբար  օգնել՝  փոխարենը  ոչինչ  չպահանջելով:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  կարող  են  կառուցողականորեն  ու  ուղիղ  քննադատել  ինձ՝  առանց  ինձ  ցավեցնելու  և  վիրավորելու:

Մարդիկ,  որոնք  չափի  զգացում  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  արդարության  զգացում  ունեն.  նրանց  կոչում  եմ  ընկերներ:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  գիտակցում  են  երջանկության  կարևորությունը  և  քարոզում  են  դա:  Մարդիկ,  որոնք  կատակների  միջոցով  սովորեցնում  են  մեզ  հումորով  ընդունել  կյանքը:  Մարդիկ,  որոնք  երբեք  չեն  դադարում  մանուկ  լինել:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  վարակում  են  իրենց  էներգիայով:  Ինձ  դուր  են  գալիս  պարզ  ու  անկեղծ  մարդիկ՝  ունակ  խելամիտ  փաստերով  հակադրվելու  յուրաքանչյուրի  որոշումներին:

Ինձ  դուր  են  գալիս  հավատարիմ    ու  համառ  մարդիկ,  որոնք  չեն  թուլանում,  երբ  փորձում  են  հասնել    իրենց  նպատակներին  ու  գաղափարներին:

Ինձ  դուր  են  գալիս  տեսակետ  ունեցող  մարդիկ,  նրանք,  որոնք  չեն  ամաչում  գիտակցել,  որ  սխալվել  են  կամ  որ  ինչ-որ  բան  չգիտեն:  Մարդիկ,  որոնք    իրենց  սխալներն  ընդունելիս,  ջանում  են  նորից  չկրկնել  դրանք:  Մարդիկ,  որոնք  պայքարում  են  ձախորդությունների  դեմ:  Մարդիկ,  որոնք    ելք  են  փնտրում:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ներքուստ  են  մտածում  ու  չափում,  որոնք  չեն  արժևորում  իրենց  նմաններին  հասարակական  կաղապարով  կամ  թե  ինչպես  են  նրանք  փայլում:  Մարդիկ,  որոնք  չեն  դատվում  ու  չեն  թողնում,  որ  ուրիշները  դատեն:

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  անհատականություն  ունեն…

Ինձ  դուր  են  գալիս  մարդիկ,  որոնք  ունակ  են  հասկանալու,  որ  մարդկային  էության  մեծագույն  սխալը  փորձելն  է  գլխից  հանել  այն,  ինչը  դուրս  չի  գալիս  սրտից:

Զգայունությունը,  քաջությունը,  համերաշխությունը,  բարությունը,  հարգանքը,  հանգստությունը,  արժեքները,  ուրախությունը,  հնազանդությունը,  հավատը,  տակտը  երջանկությունը,  վստահությունը,  հույսը,  շնորհակալության  զգացումը,  իմաստությունը,  երազանքները,  զղջումը  և  սերը  հիմքեր  են՝  մարդ    կոչվելու  համար:

Այս  տիպի  մարդկանց  հետ    խոստանում  եմ  լինել  կյանքիս  մնացած  օրերին,  քանի  որ  նրանց  իմ  կողքին  ունենալով՝  լավ  եմ  վարձատրվում: