Սրտամկանի ինֆարկտ (ՍԻ), այլ կերպ անվանում են սրտի կաթված, առաջանում է, երբ սրտի որևէ հատվածում նվազում կամ դադարում է արյունահոսքը, բերելով սրտամկանի վնասման[3]: Ամենահաճախ դիտվող ախտանիշը կրծքավանդակի ցավն է կամ անհարմարության զգացումը սրտի շրջանում, որը կարող է ճառագայթել դեպի ուս, ձեռք, մեջք, պարանոց կամ ծնոտ[3]։ Հաճախ այն դիտվում է կրծքավանդակի ձախ կեսի կենտրոնում և տևում է մի քանի րոպեից ավելի[3]։ Անհարմարության զգացումը կարող է ընկալվել որպես այրոց[3]։ Այլ ախտանիշներից կարող են դիտվել շնչարգելություն, սրտխառնոց, արտահայտված թուլություն, սառը քրտինք կամ հոգնածության զգացում[3]։ Մարդկանց 30%-ի շրջանում ընթանում է ատիպիկ ախտանիշներով[4]։ Կանայք հաճախ դիմում են առանց կրծքավանդակի ցավերի գանգատի, դրա փոխարեն ունենում են պարանոցի, ձեռքի ցավեր կամ հոգնածության զգացում[5]։ 75 տարեկանից բարձր անձանց շրջանում 5%-ը նախկինում ունեցել են ՍԻ՝ աննշան ախտանիշներով կամ անախտանիշ[6]։ ՍԻ-ը կարող է բերել սրտային անբավարարության, անկանոն ռիթմի, կարդիոգեն շոկի կամ սրտի կանգի[7][8]։
ՍԻ-ների մեծ մասը պայմանավորված է պսակաձև զարկերակների հիվանդությամբ[7]։ Ռիսկի գործոններից են բարձր զարկերակային ճնշումը, ծխելը, դիաբետը, ցածր ֆիզիկական ակտիվությունը, ճարպակալումը, խոլեստերոլի բարձր քանակը, վատ սննդակարգը, ալկոհոլի չարաշահումը և այլն[9][10]։ ՍԻ-ի առաջացման հիմնական մեխանիզմը պսակաձև զարկերակի ամբողջական փակումն է պատռված աթերոսկլերոտիկ վահանիկով[7]։ Ոչ այնքան հաճախ ՍԻ պատճառը պսակաձև զարկերակի կծկումներն են, որոնք կարող են առաջանալ կոկաինից, արտահայտված հուզական սթրեսից, գերսառեցումից և այլն[11][12]։ Ախտորոշման համար կիրառվում են բազմաթիվ հետազոտություններ, ներառյալ էլեկտրասրտագրությունը (ԷՍԳ), արյան հետազոտությունը և պսակաձև անոթագրությունը[13]։ ԷՍԳ-ն սրտի էլեկտրական ակտիվության գրանցման մեթոդ է և կարող է հաստատել ST սեգմենտի բարձրացումը, եթե այն առկա է[4][14]։ Հաճախ կիրառվող արյան հետազոտություններից են տրոպոնինի որոշումը և, ավելի քիչ, կրեատին կինազա MB-ի որոշումը[13]։
ՍԻ-ի բուժումը անհետաձգելի է[15]։ Ասպիրինը կասկածվող ՍԻ-ի դեպքում անհապաղ կիրառման ընտրության դեղ է[16]։ Նիտրոգլիցերինը կամ օպիոիդները կարող են տրվել հիվանդին ցավի մեղմացման համար, սակայն սրանք վերջնական արդյունքի վրա չեն ազդում[4][16]։ Թթվածնի ցածր քանակությամբ և շնչարգելությամբ հիվանդներին խորհուրդ է տրվում թթվածին տալ[16]։ ST բարձրացումով ՍԻ-ի դեպքում, բուժման հիմնական նպատակը դեպի սիրտ արյան հոսքի վերականգնումն է, և ներառում է՝ միջմաշկային պսակաձև զարկերակի ստենտավորում, որի ժամանակ պսակաձև զարկերակը լայնացվում է և կարող է տեղադրվել ստենտ, կամ թրոմբալուծում, որի դեպքում արգելքը վերացվում է դեղորայքի միջոցով[4]։ Առանց ST բարձրացման ՍԻ-ի դեպքում բուժման համար հիվանդին տալիս են հեպարին, իսկ բարձր ռիսկային խմբի հիվանդներին կատարվում է ստենտավորում[16]։ Բազմաթիվ պսակաձև զարկերակների խցանման և դիաբետի դեպքում ավելի ցանկալի է կատարել պսակաձև զարկերակի շունտավորման վիրահատություն, քան անգիոպլաստիկան[17]։ ՍԻ-ից հետո խորհուրդ է տրվում կենսակերպի փոփոխություն, երկարատև բուժում ասպիրինով, բետա պաշարիչներով և ստատիններով[4]։
Աշխարհում, միայն 2015 թվականին մոտավորապես 15,9 մլն ՍԻ դեպք է արձանագրվել[18]։ Ավելի քան 3 մլն մարդ ունեցել են ST բարձրացումով ՍԻ, և ավելի քան 4 մլն՝ առանց ST բարձրացման ՍԻ[19]։ ST բարձրացումով ՍԻ մոտ 2 անգամ ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քան կանանց[20]։ ԱՄՆ-ում ամեն տարի մոտ 1 մլն մարդ ունենում է ՍԻ[7]։ Զարգացած երկրներում մահացության ռիսկը ST բարձրացումով ՍԻ համար մոտ 10% է[4]։ ՍԻ-ն ամբողջ աշխարհում երիտասարդացել է 1990-2010 թվականների ընթացքում[21]։ 2011 թվականին ՍԻ համարվում էր հոսպիտալացման ցուցումների մեջ 5 ամենաթանկարժեքներից մեկը, և արժեր մոտ 11,5 մլրդ $ համապատասխանաբար 612,000 հոսպիտալացման համար[22]։