Քուֆթա, հայկական մսային կերակուր։ Պատրաստում են հիմնականում տավարի թարմ մսից։ Միսը փայտե թակիչով ծեծում են սալաքարի վրա, խառնում սոխ, աղ, պղպեղ և այլ համեմունքներ, ձեռքով հարում մինչև համաձույլ զանգված դառնալը, պատրաստում խոշոր գնդիկներ, եփում են ջրում և ուտում յուղով կամ սոխառածով։ Առանձնապես հայտնի են Գավառի, Վարդենիսի և Էջմիածնի Քուֆթաները։
