Posted in Քաղաքագիտություն

Թեմա 2՝ Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն

1․ Որո՞նք են պետության հատկանիշները։

Ժամանակակից պետությունը, որպես քաղաքական համակարգի գլխավոր ինստիտուտ, հասարակության վրա էական ազդեցություն ունեցող կազմակերպություն, հասարակական, քաղաքական մյուս ինստիտուտներից տարբերվում է 3 հիմնական  հատկանիշներով՝ տարածք, բնակչություն և իշխանություն։

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։

Մարդկանց անհրաժեշտ են վարքագծի օրինակելի կանոններ, որոնք օգնում են նրանց միասին խաղաղ գոյակցել: Ցանկացած իշխանության խնդիրներից մեկն էլ այդպիսի կանոնների (օրենքների) սահմանումն է և դրանց կատարման ապահովումը: Հասարակական կյանքի կարգավորման այդպիսի ձևն անվանում են իրավական: Իրավական ամրագրման շնորհիվ հասարակության գոյության համար անհրաժեշտ համակեցության կանոնները վերածվում են պարտադիր պահանջների:

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

Պետական իշխանությունը համըդհանուր է և համապարտադիր։ Միայն պետական իշխանությունն է տարածվում պետության ողջ տարածքի և ամբողջ բնակչության վրա։ Նրա կամքը պարտադիր է բոլորի համար, իսկ պետությունն ունակ է լուծելու հասարակական կյանքի ցանկացած հարց։

Պետական իշխանությունը հանրային իշխանություն է։ Այդ իշխանությունը մարմնավորում, իրական է դառնում հասարակությունից առանձնացված պետական մարմինների համակարգում։ Հանրային պետական իշխանությունը, ի տարբերություն տոհմացեղային իշխանության, չի համընկնում բնակչության հետ։ Այն իրականացնում է հասարակությունից առանձնացված կառավարման ապարատը։ Այդ իշխանությունն անվանում են հանրային, որովհետև այն և միասին այն իրավունք ունի հանդես գալու ամբողջ հասարակության, ժողովրդի անունից։

Պետական իշխանությունը պետք է լինի լեգիտիմ։ «Լեգիտիմ» բառի հիմքում ընկած է լատիներեն lex արմատը, ինչը նշանակում է օրենք, օրինական։ Պետական իշխանության լեգիտիմության հետևանքը նրա հեղինակությունն է բնակչության մեծամասնության աչքում, իշխանության նկատմամբ հարգանքը։
Պետական իշխանության լեգիտիմության նախադրյալները ժողովրդաիշխանությունն ու օրինականությունն են։ Այսինքն՝ լեգիտիմ է այն պետությունը, որում հռչակված է ժողովրդաիշխանության սկզբունքը, իսկ պետական մարմինները ձևավորվում են ժողովրդավարական բնույթ ունեցող օրենքների համապատասխան։ Օրինակ՝ ժողովդավարական պետական իշխանության լեգիտիմության միջոցը նրա բարձրագույն մարմինների ընտրովիությունն է ժողովրդի կողմից։ Ընտրություններն իրենց հերթին պետք է լինեն ազատ, պարբերական, այլընտրաքային (մրցակցային), հավասար, արդար, ազնիվ։ Հակառակ դեպքում, օրինակ՝ կեղծված ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունը լեգիտիմ չէ։

Պետական իշխանությունն իրականացվում է համոզման և հարկադրանքի եղանակներով: Համոզումը մարդկանց կամքի և գիտակցության վրա գաղափարադաստիարակչական, բարոյականմիջոցներով ակտիվ ներգործության ձևն է բնակչության գաղափարական մշակման, նրա մոտ համոզմունքի ձևավորման համար: Այն իրականացվում է որոշակի գործունեության նպատակահարմարության և անհրաժեշտության բացատրմամբ, հիմնավորմամբ:
Պետական հարկադրանքը լիազորված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց՝ օրենքներով նախատեսված հոգեբանական, նյութական, ֆիզիկական ներգործությունն է անհատի և մարդկանց խմբերի նկատմամբ: Նյութական հարկադրանքի օրինակ են տուգանքը, գույքի բռնագրավումը: Ֆիզիկական հարկադրանքն ուղղված է անձի ազատության դեմ, օրինակ՝ ազատազրկումը, կալանքը: Հոգեբանական հարկադրանքի օրինակ է նախազգուշացումը, դիտողությունը: 

Հարկադրանքի կիրառման նպատակն է բոլորին ստիպել գործել ի շահ պետության և հասարակության: Եթե, օրինակ, անհատը կամավոր չի կատարում ուրիշի սեփականության իրավունքը հարգելու իր պարտականությունը, ապա նրա համար դա կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ: Մասնավորապես` նրա նկատմամբ կարող է հարուցվել քրեական գործ` գողության մեջ մեղադրանքով, իսկ գողությունը` որպես հանցանք, պատժվում է նաև ազատազրկմամբ:

4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները:

Պետության ինքնիշխան իրավունքները

Պետության ինքնիշխանությունը դրսևորվում է նրա իրավունքներում, որոնք իրականացնում են պետության մարմինները: Այդ իրավունքներն են՝ օրենքներ հրապարակելու իրավունքը, պետության խորհրդանիշները (զինանշան, հիմն, դրոշ) որոշելու իրավունքը, դրամական միավոր ունենալու իրավունքը, հարկեր սահմանելու իրավունքը, պատերազմի և խաղաղության իրավունքը, դիվանագիտական ներկայացուցչության իրավունքը, միջպետական միությունների մեջ միավորվելու իրավունքը և այլն: 

Արտաքին ինքնիշխանություն 

Պետության անկախությունը և իրավահավասարությունն է այլ պետությունների հետ հարաբերություններում, անթույլատրելիությունը՝ դրսից միջամտել նրա ներքին գործերին, իրավահավասար անդամությունը միջազգային կազմակերպու թյուններին:

Ներքին ինքնիշխանություն 

Արտահայտվում է պետության գերակայությամբ հասարակական այլ կազմակերպությունների նկատմամբ: Գերակայությունը պետության մենաշնորհային իրավունքն է երկրում իրականացնել օրենսդիր, գործադիր և իրավապահպան գործառույթներ։

Leave a comment