Posted in Հայոց պատմություն 12

Հայկական դիվանագիտությունը 17-րդ դարում

Հայաստանի ազատագրության համար շարժման աշխուժացումն ուներ իր արտաքին և ներքին նախադրյալները։ Ներքին նախադրյալներից էին կորցրած անկախ պետության վերականգնումը և դավանանքի ու ազգային մշակույթի դերը։ Արտաքին գործոններից էին Օսմանյան կայսրության թուլացումը, միջազգային հարաբերություններում փոփոխությունները և օտար տիրապետության դեմ պայքարի պատրաստակամությունը։

Հայաստանի ազտագրման տարբերակներից մեկն էր միավորվել Հռոմի և Ֆրանսիայի հետ և դուրս գալ Օսմանյան կայսրության դեմ։ 1666 թ․-ին մահտեսի Շահմուրատը ժամանել էր Փարիզ և հավաստիացրել ֆրանսիական արքունիքին, որ հայերը հույների հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ։ Նման առաջարկով նա հետագայում դիմել էր նաև Լյուդովիկոս XIV-ին, իսկ 1683 թ․ կրկին ժամանել էր Փարիզ բանակցությունները շարունակելու համար։ Ախթամարի նախկին կաթողիկոս Հովհաննես Թութունջի վարդապետը հետագայում ճանապարհորդել է Եթովպիա՝ այդ երկիրը ևս հակաթուրքական պայքարի մեջ ընդգրկելու նպատակով։ Ֆրանսիան շուտով ստանձնեց Թուրքիային Ավստրիայից և եվրոպական այլ պետություններից պաշտպանվելու քաղաքականություն։

Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին տեղյակ էր Եվրոպայի քաղաքական իրադարձություններին։ 1677 թ. նա Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի ազատագրությունը։ Ժողովին մասնակցում էին հոգևոր և աշխարհիկ 12 գործիչներ։ Որոշվում է դիմել եվրոպական պետությունների օգնությանը։ Այդ նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թ. վերջերին հասնում է Կ. Պոլիս՝ Եվրոպա անցնելու նպատակով։ 1679 թ. կաթողիկոսը բանակցություններ է վարում Ռեչ Պոսպոլիտայի թագավոր Յան Սոբեսկու հետ։ Երկու տարի մնալով Կ. Պոլսում՝ Հակոբ Ջուղայեցին մահանում է, իսկ պատվիրակությունը վերադառնում Հայաստան։

Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայսընտիր իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր գաղափարները, և վերջինս խոստանում է աջակցել։ Օրին վերադառնում է հայրենիք և մելիքների աջակցությամբ 1699 թ․ Անգեղակոթում հրավիրում է գաղտնի խորհրդակցություն։ Որոշվում է, որ Օրին պետք է վարի բանակցություններ եվրոպական երկրների և ռուսական իշխանությունների հետ։ Հովհան Վիլհելմը համաձայնվում է Իսրայել Օրու ծրագրին, սակայն Վիեննայի արքունիքում հրաժարվում են մասնակցելու Հայաստանի ազատագրման գործին։

Իսրայել Օրին 1701 թ․ ամռանը գնում է Ռուսաստան և Պետրոս I-ին ներկայացնում Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը ազատագրելու ծրագիրը։ Քանի որ Պետրոս I-ը այդ ժամանակ զբաղված էր Հյուսիսային պատերազմով, Օրուն հորդորում է, որ կզբաղվի այդ հարցերով պատերազմի ավարտից հետո։ Պարսկաստանում և Անդրկովկասում տիրող իրավիճակին ծանոթանալու համար, Պետրոս I-ը որոշում է դեսպանություն ուղարկել Պարսկաստան, որի ղեկավար է նշանակվում Իսրայել Օրիին, ով միաժամանակ ստանձնում է նաև ռուսական բանակի գնդապետի աստիճանը։ Օրուն էր միացել նաև Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ 1711 թ․ Իսրայել Օրին անակնկալ մահանում է Աստրախանում, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադառնում է Արցախ։

Leave a comment