Առաջադրանք.
1. Համեմատե՛ք Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները /բլոգային աշխատանք, օգտվե՛ք տարբեր աղբյուրներից/.
Վարդան Մամիկոնյան
Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420 թ-ին Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422 թ-ին մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428 թ.) հետո՝ 432 թ-ին, հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ:
Պարսից Հազկերտ II արքայի հրամանով Հայոց այրուձին 442 թ-ին Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ կռվել է քուշանների (հոներ) դեմ: Հազկերտ II-ը 449 թ-ին հրովարտակով հայերին առաջարկել է հրաժարվել քրիստոնեությունից և ընդունել զրադաշտականություն (կրակապաշտություն): Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ Արտաշատում գումարված հատուկ ժողովը մերժել է Պարսից արքայի կրոնափոխության առաջարկը: Մերժողական պատասխան են ուղարկել նաև դրացի վրացիներն ու աղվանները: Վարդանին և Հայոց, Վրաց ու Աղվանից իշխանությունների ներկայացուցիչներին կանչել են Տիզբոն: Մահապատժի սպառնալիքի տակ նրանք առերես ուրացել են իրենց հավատքը:
Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով:
Վարդան Մամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:
Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450 թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից: Վարդան Մամիկոնյանի զորախումբը հասել է մինչև Ճորա պահակի ամրությունները (այժմյան Դերբենդ քաղաքի մոտ) և փոխօգնության դաշինք կնքել հոների հետ:
450 թ-ի վերջին Արտաշատի ժողովում Վարդան Մամիկոնյանն ընտրվել է Հայոց տանուտեր՝ ի հակակշիռ մարզպան Վասակ Սյունու, որը դեմ էր ծավալված ապստամբությանը: Վարդան Մամիկոնյանը վերականգնել է հայ նախարարների և հոգևորականության ոտնահարված իրավունքները, ամրացրել բերդերը և նախապատրաստվել վճռական մարտի:
Ճակատամարտը տեղի է ունեցել 451 թ-ի մայիսի 26-ին՝ Ավարայր գյուղի մոտ: Չնայած Վարդան Մամիկոնյանը զոհվել է, բայց պարսիկները, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, հարկադրված հետ են կանչել իրենց զորքերը: Ավարայրի ճակատամարտից հետո Պարսից արքունիքը հրաժարվել է բռնի կրոնափոխության ծրագրից, ճանաչել է Հայաստանի ներքին ինքնավարությունը, թեթևացրել հարկերը և որոշ ժամանակ վարել է հայերին սիրաշահելու քաղաքականություն: Պարսիկներին զգալի վնաս են պատճառել նաև հոները, որոնք, Վարդան Մամիկոնյանի հետ կնքած պայմանագրի համաձայն, ասպատակել են պարսկական նահանգները:
Վահան Մամիկոնյան
Վահան Մամիկոնյանը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակի և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին է: Ավարայրի ճակատամարտից (451 թ.) հետո նրան եղբայրների՝ Վասակի ու Արտաշեսի հետ պատանդ են վերցրել և տարել Պարսից արքունիք: 455 թ-ին Գուգարաց Աշուշա բդեշխն ազատել է նրանց և կրթել ու դաստիարակել է իր տանը:
Հետագայում Վահանը հաստատվել է իր հայրական ոստանում, դարձել տոհմի նահապետը և, իր շուրջը հավաքելով հայրենասեր նախարարներին, նախապատրաստվել է ապստամբության պարսիկների դեմ: Տեղեկանալով այդ մասին՝ պարսիկ պաշտոնյաները փախել են Ատրպատական, և իշխանությունն անցել է ապստամբներին: Վահան Մամիկոնյանն ընտրվել է սպարապետ, Սահակ Բագրատունին՝ մարզպան, Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը՝ մեծ դատավոր: Հայաստանից փախած պարսիկ մարզպան Ատրվշնասպը Ատրպատականում զորք է հավաքել և 481 թ-ի աշնանը շարժվել դեպի Այրարատ: Մասիսի լանջին՝ Ակոռի գյուղի մոտ, հայկական ուժերը ճակատամարտում հաղթել են պարսիկներին: Ատրվշնասպն սպանվել է: Հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել, ապստամբների շարքերը համալրվել են: Թշնամու ավելի խոշոր բանակ արշավել է Հայաստան: 482 թ-ի գարնանը Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ հայկական զորքերը հակառակորդին հանդիպել են Ավարայրից ոչ հեռու՝ Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ: Մարտն ավարտվել է հայերի հաղթանակով: Հետապնդելով փախուստի դիմած թշնամուն՝ հայկական զորաբանակը ոչնչացրել է նրան: Ներսեհապատի ճակատամարտը հայկական ռազմական արվեստի պատմության փառավոր էջերից է: 482 թ-ի ամռանը պարսկական մի խոշոր զորաբանակ Աղվանքով ներխուժել է Վրաստան: Վրաց Վախթանգ I թագավորի խնդրանքով հայկական զորքը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հասել է օգնության, բայց Ճարմանայի դաշտում հայ-վրացական միացյալ բանակը ծանր պարտություն է կրել: Զոհվել են մարզպան Սահակ Բագրատունին, սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը և ուրիշներ: Հայկական զորքը նահանջել է Տայք: