Հին Հունաստանը (Հելլադա) ընդգրկել է Բալկանյան թերակղզու հարավային մասը, Էգեյան ծովի կղզիները, Թրակիայի ծովափնյա շրջանները, Փոքր Ասիայի արևմտյան ծովափը, որոնք հունական գաղութացման շրջանում (մ. թ. ա. VIII–VI դարեր) իրենց ազդեցությունը տարածել են Հարավային Իտալիայում, Արևելյան Սիկիլիայում, Հարավային Ֆրանսիայում, Հյուսիսային Աֆրիկայում (Կիրենակիա), Սև և Ազովի ծովերի նեղուցներում ու ծովափնյա շրջաններում:
Հունական քաղաքակրթության հնագույն կենտրոնը Կրետե կղզին է, որտեղ մ. թ. ա. III հազարամյակում առաջացել են քաղաք-պետություններ, որոնք II հազարամյակում միավորվել են մեկ պետության մեջ՝ Կնոսոս մայրաքաղաքով:
Կրետական պետությունը հզորացել է մ. թ. ա. XVI–XV դարերում՝ Մինոս արքայի օրոք: Կրետացիներն իրենց են ենթարկել Էգեյան ծովի կղզիները, Հունաստանի ծովափնյա բնակավայրերը և ստեղծել հզոր ծովապետություն: Թագավորը նաև գլխավոր քուրմն էր: Կրետեում ավելի վաղ, քան մայրցամաքային Հունաստանում կիրառել են մետաղե գործիքներ: Պետությունն առևտրական ու դիվանագիտական կապեր է ունեցել Եգիպտոսի, Փոքր Ասիայի և Ասորիքի հետ:
Մ. թ. ա. XVIII–XVII դարերում Թեսալիայից Միջին ու Հարավային Հունաստան և Կրետե կղզի են ներթափանցել հունական ցեղերը՝ աքքայացիները, որոնք մ. թ. ա. XV դարի վերջին գրավել են Կրետական պետությունը և նրա բնակչությանն աստիճանաբար ձուլել իրենց: Աքքայացիները կրետացիներից սովորել են հեռավոր ծովագնացություն, արհեստներ և, ամենակարևորը, գիրը: Աքքայական պետությունները երբեմն ստեղծել են միություններ՝ արշավանքների ու պատերազմելու համար. ամենատևականը մ. թ. ա. XIII դարի հայտնի Տրոյական պատերազմն է:
Մ. թ. ա. XII դարի վերջին Բալկանյան թերակղզու հյուսիսից Հունաստան և կղզիներ են ներխուժել հունական այլ ցեղեր՝ դորիացիները, որոնց զարգացման ցածր մակարդակի պատճառով Հունաստանը 3 դար շարունակ անկում է ապրել: Այս ժամանակահատվածը (մ. թ. ա. XII–IX դարեր) անվանում են Հոմերոսյան դարաշրջան, որի մասին գիտենք Հոմերոսի պոեմներից: Դորիական նվաճումներից հետո՝ մ. թ. ա. VIII–VI դարերում, Հունաստանն սկսել է զարգանալ. այդ ժամանակաշրջանում, որը հին հույներն անվանել են «Արխայիկ», ստեղծվել է հասարակական-քաղաքական կառույց՝ պոլիս՝ քաղաքացիական ազատությունների հիմքի վրա կառուցված ինքնիշխան և ինքնավար քաղաք-պետություն:
Մ. թ. ա. VIII–VI դարերում արիստոկրատիայի և դեմոսի պայքարի հետևանքով սկսվել է Հունական մեծ գաղութացումը: Իսպանիայից մինչև Կոլխիդա հիմնելով գաղութներ՝ հույները տարածել են իրենց առաջավոր հասարակական կենցաղն ու մշակույթը:
Մ. թ. ա. VII–VI դարերում հույների ձեռքն են անցել միջերկրածովյան առևտրի կարևոր ուղիները:
Հին Հունաստանի մշակույթը բարձր զարգացման է հասել մ. թ. ա. XI–IX դարերից մինչև մ. թ. IV դարը: Այն Հին Հռոմի մշակույթի հետ կոչվում է հունա-հռոմեական կամ անտիկ մշակույթ, մեծապես ազդել է տարբեր ժողովուրդների մշակույթների վրա, դարձել եվրոպական մշակույթի հիմքը:
Հունական մշակույթը ծաղկել է հատկապես մ. թ. ա. V դարի վերջից մինչև
մ. թ. IV դարի սկիզբը, որը հայտնի է որպես դասական ժամանակաշրջան:
Մ. թ. ա. VIII–VI դարերում հույներն ունեցել են օլիմպիական (Օլիմպոս լեռան անունից, որտեղ ենթադրաբար ապրել են աստվածները) 12 աստվածների պաշտամունքը՝ Զևս հայր աստծու գլխավորությամբ, որ կյանքի արարիչն էր, երկնքի, լույսի, արդարության, կարգի, օրենքի և իշխանության աղբյուրը:
Եթե Հին Արևելքի մշակույթներում որպես հերոս ներկայացվել են երկինքն ու տարերային ուժերը, այստեղ մ. թ. ա. V դարում նրանց փոխարինել են մարդն ու հասարակական կյանքը: Մարդը դիտարկվել է որպես մահկանացու աստված, աստվածը՝ չմեռնող մարդ: Նույն մոտեցումը տարածվել է նաև փիլիսոփայության, գիտության, դիցաբանության և այլ ոլորտներում:
Հին Հունաստանում է ծնունդ առել փիլիսոփայությունը, ձևավորվել են Դեմոկրիտեսի՝ նյութի կառույցի ատոմային ուսմունքը, Սոկրատեսի և Պլատոնի իդեալիզմը: Պատմահայր Հերոդոտոսի ջանքերով պատմագիտությունն առանձնացել է որպես գիտության ինքնուրույն ճյուղ: Արիստոտելի «Պոլիտիկա» երկով սկզբնավորվել է պետության առաջին գիտական տեսությունը, Էվկլիդեսը հիմնադրել է երկրաչափությունը, Արքիմեդը՝ մեխանիկան:
Ըստ հույն պատմիչների՝ հունական գիտությունը մեծ ազդեցություն է կրել փյունիկյանից: Հունաստանի առաջին մաթեմատիկոս, փիլիսոփա և աստղագետ Թալես Միլեթացին փյունիկեցի էր: Մ. թ. ա. XI դարում Փյունիկիայում ստեղծվել է 22 նշանից բաղկացած այբուբեն, որը հետագայում փոխառել են Փոքր Ասիայի ժողովուրդները և հույները: Հունական գիրն ստեղծվել է մ. թ. ա. VIII դարում. փյունիկյան այբուբենին ավելացրել են ձայնավորներ և ստեղծել կատարյալ այբուբեն, որը հետագայում մի շարք այբուբենների հիմքն է դարձել: