Posted in Իրավունք, Uncategorized

Երեխայի իրավունքները

Հասարակագիտական նախագիծ՝

Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողների համար

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

Նպատակ՝

  • Ուսումնասիրել երեխայի իրավունքները տարբեր բնագավառներում
  • Սովորողները կտիրապետեն դրանց նաև ըստ օրենսդրության ամրագրված կետերի

Խնդիր՝

  • Կազմակերպել քննարկում ըստ նշված օրենքների, կարծիքների փոխանակում, դիտարկումներ և առաջարկներ
  • Խմբակային աշխատանքի միջոցով ստեղծել մի իրավիճակ, որտեղ խախտվում է երեխաների իրավունքները և փորձել պաշտպանել դրանք

ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Օրենքի գործողության շրջանակները

Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:

Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

(1-ին հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, 05.11.03 ՀՕ-27-Ն)

Հոդված 2.Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3.Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները

Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:

(3-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)

Հոդված 4.Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից: