…Տղան արդեն անկողին էր մտել, երբ հանկարծ հյուր եկավ հոր ընկերն իր չափահաս որդու հետ: Ընկերոջ անունը Ասլան քեռի էր, որդունը՝ Վալիկո: Հյուրերն Աբխազիայից էին:Տղան երեք տարի անընդմեջ հոր և մոր հետ Գագրայում էր հանգստացել, Ասլան քեռու տանը: Նրանք ապրում էին ճիշտ այսպիսի մեծ տան մեջ, ինչպիսին Մոսկվայի տունն էր: Բայց ի տարբերություն Մոսկվայի՝ մարդիկ այնտեղ բոլորովին այլ կերպ էին ապրում:Բոլոր հարևանները՝ աբխազ, վրացի, ռուս և հայ, միմյանց հյուր էին գնում, միասին գինի խմում և նշում բոլոր տոները:Բայց հիմա Աբխազիայում սարսափելի պատերազմ է և մարդիկ միմյանց են սպանում: Տղան ոչ մի կերպ չէր հասկանում, ինչն է դրա պատճառը: Խոհանոցից լսվում էին մեկը մյուսից դաժան պատմություններ:…Տղան տասներկու տարեկանի համեմատ լավ կարդացած էր: Գիրք կարդալով եզրակացրել էր, որ մարդը հնագույն ժամանակից ի վեր ավելի ու ավելի խելացի է դառնում: Նրա իմանալով՝ նախնադարյան մարդը մանկան պես պարզամիտ ու հասարակ է եղել, դարերի ընթացքում էլ ավելի բանական ու բարի է դարձել: Եվ ահա այժմ նրա այդ հավատը սասանվեց:…Առավոտյան հայրը տղային ատամնաբույժի էր տանելու: Տղան շատ տխուր ու մտախոհ էր:— Մի վախենա, տղաս, — ասաց հայրը, — եթե ատամդ հանելու լինեն, ցավազրկող կսրսկեն:— Ես դա չեմ մտածում, — ասաց տղան, — մտածում եմ՝ մարդը բարիանո՞ւմ է թե՞ չի բարիանում: Մեկ էլ՝ հիմա շա՞տ են մարդակերները:— Որոշ աֆրիկական ցեղեր կան մեկ էլ կղզիաբնակներ…— Իսկ նախկինում մարդակերներն ավելի շա՞տ էին:— Իհարկե շատ էին, — պատասխանեց հայրը, թեև երբեք նման բան մտքով չէր անցել:— Ես կուզեի, որ բոլոր մարդիկ հին, շատ հին ժամանակ մարդակեր եղած լինեն, — ասաց տղան: — Դա կնշանակեր, որ մարդիկ աստիճանաբար բարիանում են. ախր հիմա հայտնի չի, թե բարիանո՞ւմ են արդյոք: Եթե չէ՝ ապրելը զզվելի բան է դառնում: